Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար»:

Ի պատասխան արցախահայության ժողովրդավարական կամարտահայտմանը՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել ԼՂԻՄ բնակչությանը և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից:

1988 թ. փետրվարի 22-ին Աղդամում տեղի ունեցած ցույցից հետո տարբեր տվյալներով 2-3 հազար երիտասարդներից կազմված ադրբեջանցիների ամբոխը շարժվեց դեպի ԼՂԻՄ տարածքում գտնվող հայկական Ասկերան ավանը: Ամբոխը ճանապարհին ոչնչացնում էր եղած ամեն ինչ և կանգնեցվեց միայն Ասկերանի մերձակայքում ոստիկանության միջամտության շնորհիվ: Բախումների արդյունքում վիրավորվեց մի քանի տասնյակ հայ, սպանվեց 2 ադրբեջանցի: Չնայած ադրբեջանցիների իսկ վկայությունների համաձայն՝ սպանված ադրբեջանցիներից առնվազն մեկի վրա կրակել է ադրբեջանցի միլիցիոներ2, այնուամենայնիվ, պաշտոնական հետաքննության արդյունքում այդպես էլ չի պարզվել, թե ով է եղել կրակողը:

Փետրվարի 27-29 Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով: Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

1989 թ. օգոստոսի 16-ին ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Կուսակցական կոմիտեների բոլոր պլենումները և Պատգամավորների խորհուրդների նստաշրջանները որոշում ընդունեցին ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որպես Արցախի տարածքում իշխանության բարձրագույն մարմին և նրան պատվիրակել պաշտոնական կառույցների ղեկավարման իրավունքը:

Սակայն խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով կողմերի շահերի հավասարակշռությունից, փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն5։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձևեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով: Այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ:

1990 թ. հունվարի 15-ին, մինչ Բաքվում տեղի էր ունենում քաղաքի հայ բնակչության սպանդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ում հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը և ուղղված էր հայկական կողմի ինչպես իշխանական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեմ: Հանրապետական կազմկոմիտեի գործունեությունը միտված էր բռնության և ահաբեկչության շարունակական ուժգնացմանը: 1990 թ. մարտից մինչև դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում և պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:

1990 թ. դեկտեմբերից 1991 թ. ապրիլը ամենուր իրականացվում էր ահաբեկություն, և կեցության անտանելի պայմանների (մշտական բռնություններ, ձերբակալություններ, ցանքսերի ոչնչացում, կենսաապահովման օբյեկտների ոչնչացում) ստեղծման միջոցով հայ բնակչության դուրս մղում: 1991 թ. ապրիլից օգոստոս սկսվում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նրա արտաքսումը6։

Օգոստոսյան պուտչի7 ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է ձևավորվում: Հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը8: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասեց չեզոքություն պահպանել: Վերականգնվեց ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը: Դրանով իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվեց ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից: Իսկ առանց Խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրացան բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում9:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»10:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով11:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը12:

1992 թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն13 ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը:

1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին։ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը։

1. Խորհրդային կուսակցական ղեկավարության նոր գաղափարախոսության և բարեփոխումների ընդհանուր անվանումը, որը գործածվում է 1987-1991 թթ. ԽՄԿԿ ԿԿ գերագույն քարտուղար Մ. Ս. Գորբաչովի նախաձեռնած ԽՍՀՄ տնտեսական ու քաղաքական կառուցվածքի վերափոխումները նշելու համար:

2. Александр Василевский, «Туча в горах», «Аврора», № 10, 1988

3․ Մինչ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահ նշանակվելը Ա. Վոլսկին ղեկավարում էր ԽՄԿԿ ԿԿ մեքենաշինության բաժինը: 1988 թ. ապրիլից, որպես ԽՄԿԿ ԿԿ ներկայացուցիչ, նա բազմիցս եղել է Ղարաբաղում:

4․ 1989 թ. հունվարի 15-ին «Правда» թերթում հրապարակված «Խաղաղություն Ղարաբաղ երկրին» ծրագրային հոդվածում Ա. Վոլսկին միանգամայն պարզ շարադրում է ղարաբաղյան ճգնաժամը հարուցած պատճառները. «Հիշենք թեկուզ, թե ինչպես է ծագել ու զարգացել ղարաբաղյան շարժումը: Ինչու՞ են մարդիկ Հայաստանի հետ միավորվելու հարց դրել: Որովհետև նրանք տեսնում էին, որ Ադրբեջանի նախկին ղեկավարությունն ավելի ու ավելի է մարզը տանում դեպի փակուղի, ձգտում է խզել հայ բնկաչության բնական կապերը Հայաստանի հետ մշակույթի, լեզվի ոլորտներում, որոշակի խոչընդոտներ է հարուցում հայախոս մտավորականության համար: Այս ամենն իրականությու՛ն է: Այս ամենը ճշմարտությու՛ն է:» (С. Золян, Нагорный Карабах: Проблема и конфликт. – Ереван. Изд. «Лингва», 2001)

5․ Մինչ 1990 թ. Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար նշանակվելը Վ. Պոլյանիչկոն 1985-1988 թթ. աշխատել է որպես Աֆղանստանի Ազգային-ժողովրդավարական կուսակցության ԿԿ քաղբյուրոյում ԽՄԿԿ ԿԿ-ի խորհրդական։

6․ С. Золян, Нагорный Карабах: Проблема и конфликт.– Ереван. Изд. «Лингва», 2001

7․ Մ. Գորբաչովին ԽՍՀՄ նախագահի պաշտոնից հեռացնելու և նրա իրականացրած կուրսը փոփոխելու փորձ, որը ձեռնարկվեց 1991 թ. օգոստոսի 19-ին Արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի (ГКЧП)՝ ԽՄԿԿ ԿԿ ղեկավարության, ԽՍՀՄ կառավարության, բանակի և ԱԱԾ մի խումբ պահպանողական գործիչների կողմից: Ապստամբությունն ավարտվեց 1991 թ. օգոստոսի 22-ին ГКЧП-ի անդամների մեծ մասի ձերբակալությամբ:

8․ Օգոստոսյան պուտչի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն աջակցեց ГКЧП-ին: ԼՂԻՄ կազմկոմիտեի նախագահ, Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն Բաքվի ռադիոյով կիսվում էր ղարաբաղյան փորձով՝ առաջարկելով տարածել այն ԽՍՀՄ-ում։

9․ С. Золян, Нагорный Карабах: Проблема и конфликт.– Ереван. Изд. «Лингва», 2001

10․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» Հռչակագիր

11․ Ю. Барсегов. Нагорный Карабах в международном праве и мировой политике. Том II

12․ ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի անցկացման ընթացքին հետևելու համար Հանրապետություն էր ժամանել անկախ դիտորդների խումբ, որը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ իր եզրակացությունն ամրագրեց համապատասխան Ակտում։ Այն ստորագրվել է 23 դիտորդների՝ ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ և Մոսխորհրդի ժողովրդական պատգամավորների, խորհրդային ու արտասահմանյան մի խումբ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների կողմից:

13․ ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրություններն անցկացվել են 1991 թ. դեկտեմբերի 28-ին

Добавить комментарий