Սպիտակուցների ֆունկցիաներն ու կառուցվածքը

Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների գործառույթները բազմազան են։ Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաները և կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ։ Որոշ սպիտակուցներ կատարում են կառուցվածքային և մեխանիկական գործառույթ՝ առաջացնելով բջջային կմախքը: Սպիտակուցները կարևոր դեր են կատարում նաև բջիջների ազդանշանային համակարգում, իմունային պատասխանում և բջջային ցիկլում: Սպիտակուցները մարդու և կենդանիների սննդի կարևոր մասն են կազմում (միս, թռչնամիս, ձուկ, կաթ, ընկուզեղեն, ընդավոր, հացահատիկային բույսեր), քանի որ այս օրգանիզմներում սինթեզվում է միայն անհրաժեշտ սպիտակուցների մի մասը։ Մարսողության գործընթացում սննդի մեջ պարունակվող սպիտակուցները քայքայվում են մինչև ամինաթթուներ, որոնք հետագայում օգտագործվում են սպիտակուցի կենսասինթեզում՝ օրգանիզմի սեփական սպիտակուցների սինթեզի համար, կամ քայքայման գործընթացը շարունակվում է էներգիա ստանալու համար։ սպիտակուցները բոլոր կենդանի օրգանիզմների անհրաժեշտ բաղադրամաս են և խաղում են կարևոր դեր բջջի կենսագործունեությունում։ Սպիտակուցները իրականացնում են նյութափոխանակության գործընթացները։ Նրանք կազմում են ներբջջային կառույցները՝ օրգանոիդները և բջջակմախքը, արտազատվում են միջբջջային տարածություն, որտեղ կարող են իրականացնել միջբջջային հաղորդակցությանը, մասնակցել սննդանյութերի հիդրոլիզին և միջբջջային նյութի ձևավորմանը։

Ֆունկցիաները՝

  • Կատալիտիկ ֆունկցիա
  • Կառուցվածքային ֆունկցիա
  • Պաշտպանական ֆունկցիա
  • Կարգավորիչ ֆունկցիա
  • Ազդանշանային ֆունկցիա
  • Տրանսպորտային ֆունկցիա
  • Պահեստային ֆունկցիա
  • Ռեցեպտորային ֆունկցիա
  • Շարժողական ֆունկցիա

Կառուցվածք

Պեպտիդային կապի քիմիական կառուցվածքը (ներքևում) և պեպտիդային կապի եռաչափ կառուցվածքը ալանինի և այլ ամինաթթվի միջև (վերևում)

Սպիտակուցի մոլեկուլները գծային պոլիմերներ են, որոնք կազմված են α-L-ամինաթթուների մնացորդներից (մոնոմերներ)։ Սպիտակուցի կազմի մեջ կարող են մտնել նաև ձևափոխված ամինաթթվային մնացորդներ և ոչ ամինաթթվային ծագում ունեցող բաղադրիչներ։ Սպիտակուցների կազմում ամինաթթուների նշանակման համար օգտագործում են մեկ կամ երեք տառից բաղկացած կրճատումներ։ Քանի որ կենդանի օրգանիզմների կազմի մեջ մտնող սպիտակուցների մեծամասնությունը կազմված են 20 ամինաթթուներից, այս պատճառով կարող է թվալ, թե սպիտակուցների հնարավոր թիվը փոքր է և սահմանափակ։ Իրականում, օրինակ՝ հինգ ամինաթթվային մնացորդ պարունակող սպիտակուցի մոլեկուլների հնարավոր թիվը գերազանցում է 3 միլիոնը, 100 ամինաթթվային մնացորդի դեպքում տարբերակների թիվը 10130-ից ավելի է։

Добавить комментарий