Երիկամ

Երիկամները (rens) զույգ գեղձային օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ։ Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա։ Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված)։ Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր։ Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած։ Երիկամն ունի լոբու ձև։ Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի։ Երիկամում տարբերում են վերին և ստորին բևեռներ (extremitas superior et inferior), դրսային ու միջային եզրեր(margo laterals et mediales) և առաջային ու հետին երեսներ(facies anterior et posterior)։ Երիկամի դրսային եզրը կոր է, միջայինը մեջտեղում գոգ է, դարձած է ոչ միայն միջայնորեն, այլև քիչ ցած ու առաջ։ Միջային եզրի միջին գոգ մասի մեջ է մտնում դրունքը (hilus renalis), որի միջով մտնում են երիկամային զարկերակներն ու նյարդերը և դուրս են գալիս երակն ու միզածորանը։ Դրունքը բացվում է մի նեղ տարածությունում, որը խրված է երիկամի նյութի մեջ։ Այս տարածությունը կոչվում է երիկամի ծոց (sinus renalis), նրա երկայնական առանցքը համապատասխանում է երիկամի երկայնական առանցքին։ Երիկամի առաջային երեսը ավելի կոր է, քան հետինը։ Երիկամը շրջապատված է սեփական ներդակազմ պատյանով(tunica fibrosa), որը մի բարակ, հարթ թիթեղի ձևով անմիջապես կպած է երիկամի պարենքիմին։ Նորմալ վիճակում նա բավական հեշտությամբ է անջատվում երիկամից։ Ներդակազմ պատյանի տակ գտնվում է հարթ մկանաթելերի ոչ լրիվ շերտ՝մկանայաին պատյանը(tunica muscularis)։ Ներդակազմ պատյանից ավելի դուրս, հատկապես hilus-ի շրջանում և հետին երեսին, գտնվում է ճարպային հյուսվածքը, որը կազմում է երիկամի ճարպային պատյանը (capsula adipose)։ Առաջային երեսի ճարպը շատ դեպքերում բացակայում է։ Ճարպային պատյանից դեպի դուրս գտնվում է շարակցահյուսվածքային մի այլ շերտ՝ երիկամային փակեղը(fascia renalis), որն ունի երկու թերթիկ՝ առջևի (lamina prerenalis) և հետին (lamina retrorenalis)։ Երիկամի դրսային եզրին երկու թերթիկները միանում են իրար ու դառնում ենթաշճային շարակցական հյուսվածքի շերտ, որից և նրանք առաջացել են

Երիկամների անշարժացումը իրենց տեղում պայմանավորված են հետևյալ գոյացությունների և գործոնների համալիրով՝

  1. երիկամային փակեղ, ձուլվում է երիկամի պատյաններին,
  2. երիկամի մկանային բուն, որը կազմվում է գոտկի քառակուսի մկաններով,
  3. երիկամի անոթներ, որոնք արգելում են նրանց հեռանալը աորտայից և ստորին սիներակից,
  4. ներորովայնային ճնշում, որը պայմանավորված է որովայնի մամուլի մկանների կծկումներով։

Այդ տեղաշարժացնող ապարատի թուլության դեպքում երիկամները կարող են ցած իջնել (թափառող երիկամ), որը պահանջում է հատուկ վիրաբուժական միջամտություն։ Նորմայում երիկամների թեքորեն վեր և միջային ուղղությամբ գնացող երկայնաձիգ առանցքները երիկամներից վեր միանում են՝ դեպի ներքև բաց անկյուն կազմելով։ Երիկամների իջվածքի դեպքում նրանք, միջին գծի մոտ իրենց անոթների միջոցով անշարժանալով, տեղաշարժվում են ցած և միջայնորեն։ Դրա հետևանքով նրանց երկար առանցքները միանում են վերջիններիցս ներքև՝ դեպի վեր բացվող անկյուն կազմելով։

Երիկամի կազմություն

Երիկամի երկայնաձիգ կտրվածքի վրա երևում է, որ այն ընդհանուր առմամբ կազմվում է նախ մի խոռոչից՝ երիկամային ծոցից (sinus renalis), որի մեջ դասավորված են բաժակներն ու ավազանի վերին մասի և, երկրորդ, հատուկ երիկամային նյութից, որը շրջապատում է ծոցը ամեն կողմից, բացի դրունքից։ Երիկամում տարբերում են կեղև (cortex renalis) կամ կեղևային նյութ (substania corticalis(BNA)) և միջուկ (medulla renalis) կամ միջուկային մաս(substantia medullaris (BNA))։ Կեղևային նյութը կազմում է օրգանի ծայրամասային շերտը, որն ունի 4 մմ հաստություն։ Միջուկային նյութը կազմվում է կոնաձև գոյացություններից, որոնք կոչվում են երիկամային բրգեր(pyramides renales Malpighi)։ Բրգերն իրենց լայն հիմերով դարձած են դեպի օրգանի մակերեսը, իսկ գագաթներով՝ դեպի ծոցը։ Գագաթները երկուական կամ ավելի միանում են ու կազմում կլորացած բարձրություններ, որոնք կոչվում են պտկիկներ (papillae renales), ավելի սակավ դեպքերում մեկ գագաթին համապատասխանում է մի առանձին պտկիկ։ Պտկիկների միջին թիվը մոտ 12 է։ Նրանցից յուրաքանչյուրը ծածկված է մանր ծակերով(foramina papiliaria), այն մակերեսը, որի վրա նրանք տեղակալված են, կոչվում է ծակոտկեն դաշտ(aria cribrosa)։ Ծակոտիների միջով մեզը արտազատվում է միզատար ուղիների սկզբի մասերի(գագաթներ) մեջ։ Կեղևային նյութը թափանցում է բրգերի արանքը, բաժանելով նրանց իրարից, կեղևային նյութի այդ մասերը կոչվում են երիկամային (բերտինյան) սյունակներ (columnae renales (Bertinii)։ Բրգերն իրենց հիմքերի մոտ ունեն ավելի մուգ գույն, քան կեղևային նյութը, սակայն պտկիկների մոտ նրանց գույնն ավելի բաց է, քան կեղևային նյութինը։ Բրգերինը զոլավոր գծավորումներ են ստանում այն հանգամանքի շնորհիվ, որ նրանց մեջ ուղիղ գծով իջնում են միզային խողովակիկները և անոթները։ Նորածինների երիկամների արտաքին երեսի վրա պահպանվում են նախկին բաժանման հետքերը ակոսների ձևով (պտղի և նորածնի ակոսավոր երիկամներ)։ Հասուն մարդկանց երիկամները դառնում են հարթ, բայց ներսից, չնայած մի քանի բրգեր իրար են ձուլվում՝ կազմելով մեկ պտկիկ (որով բացատրվում է պտկիկների թվի քչությունը բրգերի համեմատությամբ) մնում են բլթակների՝ բրգերի բաժանված։

Добавить комментарий