Քննության թեմա- Զեյթունի ապստամբություն (1862)

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև։ Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում։ 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել։

Նախապատմություն

Զեյթունի հայերը ունեցել են բարձր ինքնավարություն մինչև 19-րդ դարը։ 19-րդ դարի առաջին կեսին Օսմանյան կայսրության ղեկավարները որոշում են կայացրել կայսրության այս շրջանը կառավարելի դարձնելու համար շրջանում բնակեցնել մուսուլմանների։

Սկիզբ

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ։ Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից։ Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով։ Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ։

Հարձակում

1862 թվականին Ազիզ փաշայի՝ Մարաշի կուսակալ նշանակվելուց հետո Մարաշում սկսվեցին զորքերի, այդ թվում յրետանու կուտակում։ Հունիսին Զեյթուն գավառակի Քեթման գյուղում տեղի ունեցավ ազգամիջյան բախում, որը առիթ հանդիսացավ Ազիզ Փաշայի համար գավառակի վրա հարձակում գործելու։ Ալաբաշ և Թոփալ-օղլի գյուղերի բնակչությունը՝ դիմադրելով առաջին հարձակմանը ետ շպրտեցին առաջապահ զորքերին։ Հուլիսի վերջին Ազիզ փաշան ավելի մեծ զորախմբով՝ կանոնավոր բանակով և ոչ կանոնավոր խմբերով, ներխուժեց գավառակ՝ ավերելով բազմաթիվ գյուղեր։ Ըստ Ծերենցի նկարագրածի Ալաբաշ գյուղի բոլոր կանայք և տղամարդիկ սրի բերան գնացին, տները կողոպտվեցին և հրո ճարակ դարձան, վանահորը և միաբանության անդամներին սպանեցին կուսակալի առջև։

Զեյթունի Պաշարում

Ազիզ փաշան հասնելով Զեյթուն քաղաքի մատույցներ՝ տեղի բնակչությունը առաջարկեց վճարել չվճարած հարկերը զորքին ետ քաշելու պայմանով։ 1862 թվականի հուլիսի վերջին Զեյթունը պաշարված էր ամբողջությամբ։ Քաղաքում կուտակվել էր գյուղերից փախած բնակչությունը, ընդհանուր առմամբ կար մոտ 7000 զինվորական։ Հայերը խուսափելով անցնել հարձակման՝ սկսեցին ակտիվ պաշտպանել քաղաքը՝ հյուծելով Օսմանյան զորքին։ Թուրքական բանակի երկու գնդեր Էրիջեի հովտում դիրքավորվել էին և ցանկանում էին օգոստոսի 1-ի գիշերը հարձակում գործել քաղաքի վրա։ Զեյթունիցները հետախուզության արդյունքում իմացել էին հարձակման նպատակի մասին և հանկարածակիի բերելով օսմանյան զորքին՝ զեյթունցիները հարձակում գործեցին այդ գնդերի վրա՝ պարտության մատնելով։ Գնդերի փախուստից հետո հայերը կարողացան տիրանալ մնացած ռազմամթերքին։

Զեյթունցիների հաղթանակ

Զեյթունցիները պաշտպանական մարտեր մղելոց հետո թուլացրեցին Ազիզ փաշայի զորքերը, որի արդյունքում հնարավորություն ստացան օգոստոսի 2-ին հարձակման անցնելով ետ մղել ամբողջ զորքը։

Զեյթունի ապստամբության ընթացքում ցույցեր են տեղի ունեցել Օսմանյան կայսրության հայերով բնակեցված քաղաքներում՝ Կոստանդնուպոլսում, Վանում և Մուշում։

Արդյունքներ

Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։

ՀԵՌԱՎԱՐ ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄ 1-5 ՆՈՅԵՄԲԵՐ՝ Առաջադրանքներ

Հեղափոխական և ազգային ազատագրական շարժումները Հայաստանում 20-րդ դարի սկզբին

Նիկոլայ 2-ի հրամանագիրը 12 հունիսի 1903թ․ հայ եկեղեցու գույքի բռնագրավման վերաբերյալ։ Նիկոլայ 2-ի հրամանագիրը օգոստոս 1905թ․ հայ եկեղեցու գույքի վերադարձի վերաբերյալ։

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, անվամբ հայտնի հրահանգը իրականում ունի «Ռուսաստանի Հայ-Գրիգորյան եկեղեցու ունեցվածքի կառավարման կենտրոնացման օրենք» անվանումը։ Այն հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Դեռևս խորհրդային պատմագրության մեջ օրենքը գնահատվեց որպես հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության դրսևորում, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։ Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ—թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Ոստիկանական ուժերի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Ժողովուրդի մեջ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները այն մատուցեցին որպես ազգային մշակույթին ու մայրենի լեզվին սպառնացող վտանգ, իսկ հետագայում դա գնահատեցին որպես համաժողովդական պայքար, որն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։ Ռուսաստանում սկսված հեղափոխության ազդեցության, ապա Կովկասյան փոխարքայության վերահաստատման պայմաններում ցարական կառավարությունը որոշեց վերանայել այս օրենքը։ 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Արևելյան Հայաստանը ռուսական 1-ին հեղափոխության տարիներին

1905 թվականի հունվարի 9-ին (22) Պետերբուրգում գնդակահարում են խաղաղ ցույցի ելած բանվորներին։ Այդ օրը հայտնի է դարձել որպես «Արյունոտ կիրակի»։ Դրանով սկսվեց Ռուսաստանում բուրժուա-դեմոկրատական առաջին հեղափոխությունը։ Այն նպատակ ուներ տապալել ցարիզմը և երկրում հաստատել ժողովրդավարական կարգեր։ Պայքարի մեջ ընդգրկվեց նաև Անդրկովկասը. սկսեցին գործադուլներ Թիֆլիսում և Բաքվում։ Հայաստանում սկզբնական շրջանում գործադուլներ արեցին Ալավերդու հանքարդյունաբերության շրջանի բանվորները, Դսեղի և Մարցի գյուղացիները։ Հեղափոխությունը մարելու նպատակով իշխանությունները սկսեցին կրոնական և ազգային թշնամանք բորբոքել տարբեր ժողովուրդների միջև։ Անդրկովկասում այդ քաղաքականությունն ուղղվում է հայերի և կովկասյան թաթարների (ադրբեջանցիներ) դեմ։ Առաջին ընդհանորումները տեղի ունեցան փետրվարի 6-ին Բաքվում՝ նահանգապետ Միխայիլ Նակաշիձեի հրահրումով։ Արյունոտ բախում է տեղի ունենում հայերի և թաթարների միջև. սպանվում են մի թաթար դպրոցական և խանութպան։ Սրանից հետո զոհվում են 126 թաթար և 218 հայ։ Դա ազդանշան ծառայեց Անդրկովկասի մյուս վայրերի համար։ Բախումներն ընդգրկեցին հայաբնակ, բայց և թուրքաշատ Ելիզավետպոլի նահանգը։ Բախումներ տեղի ունեցան Բանանց, Գետաբեկ և այլ գյուղերում, Գանձակ և Շուշի քաղաքներում։ Հայ ժողովրդի ինքնապաշտպանությունն իր վրա էր վերցրել նորաստեղծ Դաշնակցություն կուսակցությունը։ Նշանավոր հայդուկներ Նիկոլ Դումանը, Վարդանը (Խանասորի Վարդան), Քեռին (Արշակ Գավաֆյան) և մյուսները ղեկավարում էին դիմադրական մարտերը։ Շուշիում տեղի ունեցան արյունալի բախումներ, որից հետո քաղաքից հեռացավ ինչպես հայ, այնպես էլ իսլամադավան բնակչության մի զգալի հատված։ Ազգային բախումները հասան նաև Երևանի նահանգ. Նախիջևանի գավառի 52 խառը բնակչությամբ գյուղերից 47-ը ենթարկվեցին հարձակումների, որոնցից 19-ը արդյունքում լքվեցին։ Նախիջևան քաղաքում սպանվածների թիվը հասավ 239-ի։ Հետագայում հայերը հարձակվեցին թաթարական մի գյուղի վրա և կազմակերպեցին 39 մարդու սպանդ։ Ավելի ուշ Բաքվում հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորեր և նավթագործարաններ։ 1905 թվականի աշնանը ընդհարումների ալիքը հասավ հայաշատ Թիֆլիս քաղաք. հայկական ինքնապաշտպանությունը գլխավորեց Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան)։ Հայ-թաթարական կռիվների ժամանակ համերաշխության կոչերով հանդես եկան Հովհաննես Թումանյանն ու ադրբեջանցի գրող Միրզա Սաբիրը։ 1905 թվականի հոկտեմբերի 17-ին կայսրը հռչակագիր հրապարակեց, որով ազդարարվում էին «քաղաքական ազատությունների անխախտ հիմունքներ» և օրենսդիր Դումայի (Խորհրդարանի) հրավիրում։ 1906 թվականի սեպտեմբերին ցարական իշխանությունները դադարեցնում են երկրում բռնկված ընդհարումները, քանի որ այլևս կարիք չկար ապակայունացնելու իրադրությունը։

Հայ-թաթարական ընդհարումները, ֆիդայիներն Արևելյան Հայաստանում, նրանց դերակատարումը հայ-թաթարական ընդհարումների ժամանակ

1904 թվականի փետրվարին պատերազմ էր սկսել Ռուսական և Ճապոնական կայսրությունների միջև՝ Կորեա թերակղզու և շրջակա ծովային տարածքների համար։ Պատերազմում ռուսները կրեցին մի քանի խոշոր պարտություններ ծովում և ցամաքում։ Մեկ տարի անց Ռուսաստանում թափ առավ հեղափոխությունների նոր ալիք։ Ռուսական արքունիքը դաժանությամբ փորձեց կասեցնել խռովությունը։ Սա տեղ գտավ ՀՅԴ «Դրոշակ» թերթում՝ «Կարմիր սուլթան-կարմիր ցար» հոդվածում։ Խաղաղ ցույցը ցրվեց, մասնակիցների մի մասը գնդակահարվեցին։ Սա բացասական անդրադարձավ ռուսաստանցի հասարակության վրա։ Ընդդիմությունը կատարվածի ամբողջ պատասխանատվությունը բարդեց Նիկոլայ II-ի և բացարձակ միապետական համակարգի վրա։ Կայսրության մյուս քաղաքների բնակիչներն արագ արձագանքեցին բանվորների գործադուլին, հեղափոխական ալիքը հասավ Անդրկովկաս։ 1905 թվականի հունվարի 17-ին Բաթումի գործարանների ավելի քան 500 բանվոր, հաջորդ օրը՝ Թիֆլիսում ավելի քան 3000 գործադուլ արեց։ Հեղափոխական շարժումներն ընդգրկեցին Քութայիս և Բաքու քաղաքները 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած ռազմական բախումներ։ Դրանք հայտնի էին նաև հայ-թաթարական պատերազմ անվանումով։ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին «կովկասցի թաթարներ» էին կոչվում ժամանակակից ադրբեջանցիները։ Զինված բախումները տեղի են ունեցել գերազանցապես Ելիզավետպոլի նահանգում, մասամբ նաև՝ Երևանի նահանգում, Թիֆլիս և Բաքու քաղաքներում։Ընդհարումները և ջարդերը սկսեցին ռուսական հեղափոխության ժամանակ՝ խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր։ Առավել արյունալի էին 1905 թվականի փետրվարյան բախումները Բաքվում, մայիսյան ընդհարումները Նախիջևանում, օգոստոսին Շուշիում և նոյեմբերին Ելիզավետպոլում։ Ընդհարումների հիմնական պատճառը՝ Անդրկովկասի թաթար-մահմեդականների շրջանում պանիսլամիզմի և պանթուրքիզմի գաղափարների տարածումն էր, որի ազդակները գալիս էր Ստամբուլից։ Թուրքիան շահագրգռված էր Ռուսական կայսրության տարածքում կենտրոնախույս և հավատակից ուժե­­րի աշխուժացման ու հեղափոխականացման հարցում։ Այդ հակառուսական տրամադրությունները կարող էին ներսից խարխլել ռուսական իշխանության հիմքերն Այսրկովկասում, տարածաշրջան, որը, ինչպես հայտնի է, ըստ պանթուրքական ծրագրի, «Մեծ Թուրանի» անբաժան մասն էր։ Քաղաքներում տեղի ունեցան ավերածություններ, Բաքվում այրվեցին նավթահորեր։ Նոյեմբերի 20-ին Բաքվում սկսվեց և այնտեղից Վրաստան և Հայաստան տարածվեց ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Անկարգությունները տեղ գտան նաև Կովկասի փոխարքայության մայրաքաղաք Թբիլիսիում։ Եթե Բաքվում ու Ելիզավետպոլում ջարդերը հրահրել էին մուսուլմանները, ապա Շուշիում և Թիֆլիսում՝ հայերը։ Ռազմական բախումներ են արձանագրվել բազմաթիվ բնակավայրերում, ավերվեցին կամ թալանվեցին 128 հայկական և 158 թաթարական գյուղեր։ Տարբեր տվյալներով զոհվեցին 3000-10000 մարդ, հիմնականում՝ թաթարներ։ Դրա պատճառն այն էր, Դաշնակցություն կուսակցությունն առավել լավ էր պատրաստվել և կազմակերպված էր։ Ռուսական իշխանությունները ջանքեր չեն գործադրել ընդհարումները կասեցնելու ուղղությամբ։ Միայն 1906 թվականի սեպտեմբերին, երբ Ռուսական կայսրության կենտրոնական նահանգներում հանդարտվել էին հեղափոխական շարժումները, իշխանությունները միջոցներ ձեռք առան կասեցնելու արյունահեղությունը։

Ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գափու թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։ Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան) պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։ Մեկ ամիս անց հնչակյանների նախաձեռնությամբ ապստամբություն է սկսվել Զեյթունում։ 75-ամյա Ղազար Շովրոյանի և Աղասու (Գարուն Աղասի) ղեկավարությամբ զեյթունցիները զինաթափել են թուրքական կայազորը, գրավել 600 հրացան, 2 հրանոթ և այլ զենք ու զինամթերք։ Հարկադրել են գերի ընկած 700 օսմանյանանցի զինվորներին բնակիչների ներկայությամբ անցնել ապստամբների սրերի տակով։ Զորանոցի վրա բարձրացվել է կարմիր դրոշ՝ «Զեյթունի անկախ իշխանություն» վերտառությամբ։ 1895 թվականի նոյեմբերին թուրքական 2 բանակ՝ Ալի և Ռեմզի փաշաների հրամանատարությամբ, շարժվել է դեպի Զեյթուն։ Մինչև դեկտեմբերի 13-ը մղված մարտերում կրելով ծանր կորուստներ՝ թուրքերը նահանջել են։ Ռեմզի փաշային փոխարինել է նոր հրամանատար՝ Էդհեմ փաշան, որը հայտնի էր իբրև հույն ժողովրդի դահիճ։ Սակայն Զեյթունը գրավելու վերջինիս ջանքերը նույնպես անհաջողության են մատնվել։ 1896 թվականի հունվարի 26-իև գործին միջամտել են մեծ տերությունները։ Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։ Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր։ Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից։ Զեյթունի ապստամբությունը նշանավոր էր իր կազմակերպվածությամբ և ձեռքբերումներով։

Մշո Առաքելոց վանքի պաշտպանությունը

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Սասունի ապստամբությունը 1904թ․

Սասունի հայերի զինված ընդվզումը թուրքական բռնատիրության դեմ, Սասունի հայերին բնաջնջելու նպատակով թուրքական կառավարության 1904 թվականին ձեռնարկած խոշոր արշավանք։1904 թվականի գարնանը քրդական զինված ուժերը արշավում են Խիանք և Խուլփ բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։ Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքերը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ հյուսիսից Կեփ, Սեմալ, Խզըլաղաճ գյուղերի վրայով ներխուժել են Սասուն, մտել Ալիանք և Շենիկ։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան)։ Տափըկ գյուղում հաստատվել է Անդրանիկի Օզանյանի ջոկատը՝ խանգարելով Գելիեգուզան շարժվող թշնամու առաջխաղացումը։ Իշխանաձորի և Տալվորիկի պաշտպանական ուժերը գլխավորել է Գևորգ Չաուշը, իսկ Չայի գլուխ կոչվող շրջանը պաշտպանել են Հաճին (Հ. Կոտոյան), Սեբաստացի Մուրադը և Սպաղանաց Մակարը։ 1904 թվականի ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումները»։ 1904 թվականի ապրիլի 11-ին Բիթլիսի նահանգապետի առաջնորդությամբ թուրքական զորքերը, ոստիկանական ուժերն ու քրդական աշիրեթները կենտրոնացել են քրդաբնակ Շեն գյուղում։ Նրանք ծրագրել էին աննկատ մոտենալ Շենիկ գյուղին և այնտեղից անսպասելիորեն գրոհել Սեմալի վրա։ Նույն օրը 700 հեծյալ թուրք զինվորներ սրարշավ ներխուժում են գյուղ, սակայն Սեմալում վաղօրոք դիրքավորված հայ մարտական ուժերը, որոնց առաջնորդում էր Հրայր Դժոխքը, ժամանակին նկատել են հակառակորդի պատրաստությունները և հարձակվել են քրդերի և թուրքական զինված ուժերի վրա։

Aquote1.png … մեր տղայք եւ ժողովուրտ Հրայրի (Դժոխք Արմենակ) հրամանատարութեան տակ կը յարձակին քիւրտերու եւ զօրաց վրայ, զանոնք կքշեն, կտանին մինչեւ մարտի 31-ին կռւոյ տեղը, զօրքերը դէպի Դաշտ կը փախչին, իսկ քիւրտերը Շէն։ Aquote2.png

Բիթլիսի կուսակալը մեկ անգամ ևս փորձել է խաբեությամբ ծուղակի մեջ գցել Սասունի մարտական ուժերի հրամանատարությանը։ Ապրիլի 12-ի երեկոյան կուսակալը Սասնո առաջնորդների հետ բանակցելու նպատակով նոր պատվիրակություն է ուղարկել Սեմա՝ այդպիսով հայ մարտական ուժերի հրամանատարներին հեռացնելով ճակատից, նրանց հավաքել մի տեղում և ապա նոր ձեռնարկել հարձակումը։ 1904 թվականի ապրիլի 13-ի առավոտյան թուրքական զորամասերն ու քրդական հրոսակախմբերը անցել են հարձակման։ Փոքրաթիվ հայ ֆիդայիներին հաջողվել է հակահարված տալ, սակայն հնարավոր չի եղել երկարատև դիմադրություն ցույց տալ, գյուղի բնակչությունը դժվարությամբ թողել է գյուղն ու շարժվել Գելիեգուզանի ուղղությամբ։ Հակառակորդի գրոհներից մեկի ժամանակ վիրավորվել է Սեպուհը։ Այնուհետև զոհվել է Հրայր Դժոխքը։

Aquote1.png Գլուխին գնդակի հարւած մը ընդունելով Կէլիէկուզանի եւ Սեմալի մեջեւ կսպանւի մեր անփոխարինելի ընկերը, յեղափոխութեան անվհատ առաքեալը՝ պ.Հրայր (Արմենակ Ղազարեան-Դժոխք, Ղըզըլաղաճ գիւղացի Մշոյի)]։ Aquote2.png

Ապրիլի 14-ին և 15-ին Մերկեր գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և Ալուճակի բարձունքները։ Անզեն ժողովուրդը նահանջել է Մշո դաշտ, իսկ ֆիդայիները մինչև 1904 թվականի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։

Հետևանքներ

Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։ Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

1908թ․ երիտթուրքական հեղափոխությունը

 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զինված ապստամբություն։ Կազմակերպել էր Իթթիհադ վե թերաքքին (թուրք.՝ İttihat ve Terakki Cemiyeti` միություն և առաջադիմություն կոմիտեն, որը հիմնադրվել էր 1889 թվականին։ 19-րդ դարի վերջին և հատկապես 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը շարունակում էր քայքավել տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով։ Թուրք հասարակական-քաղաքական կյանքում առաջացած նոր ուժերը նպատակ ունեին կանխել կայսրության մոտալուտ փլուզումը և այդ ուղղությամբ առաջին քայլը համարում էին երկրի դուրս բերումը այդ օրհասական դրությունից։ Որպես այդ նպատակի միջոց, առաջնահերթ հրատապ էր սուլթան Աբդուլ Համիդի ռեժիմի տապալումը։ Հակասուլթանական շարժման գլուխ կանգնած էր դեռևս 1889 թ.-ին հիմնադրված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը։ Երիտթուրքերը դաշնակցականներին և հնչակյաններին առաջարկել էին միասնաբար պայքարել սուլթանական վարչակարգի դեմ։ Հնչակյանները հրաժարվեցին երիտութրքերի հետ համագործակցությունից, որովհետև ինչպես իրենք են նշել.«…թուրք կոմիտեն պայման կը դնէր ազգային ամեն մասնավոր պահանջում մէկդի ընել, և համաձայնիլ Միության և Առաջադիմության Օսմանյան ծրագրին վրա» ։ Մինչդեռ Դաշնակցական գործիչները ընդունել էին համագործակցության առաջարկը՝ պատճառաբանելով, որ իրենք նախընտրել են չմերժել թուրքերի մեկնած ձեռքը և առաջնային նպատակ են համարել Համիդյան վարչակարգի տապալումը։ Արդյունքում՝ 1907 թ.-ի դեկտեմբերին, Փարիզում կայացած կոնգրեսում Իթթիհատ վե թերաքքի և Հայ հեղափախական դաշնակցություն կուսակցությունները, արաբական, հրեական և մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համիդյան վարչակարգը միասնական ուժերով տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու խնդրի շուրջ։ Երիտթուրքերը շատ պարզ հասկացրեցին դաշնակցականներին, որ չպետք է անկախանալու կամ ինքնավարություն ձեռք բերելու հույսեր փայփայեն, սակայն հայերը կարող են «այլ ժողովուրդների հետ համահավասար իրավունք » ստանալ։ Չնայած Փարիզի վեհաժողովում դաշնակից ուժերի միջև եղած տարակարծություններին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը համախբմվեցին և դա բախտորոշ նշանակություն ունեցավ շարժման ընթացքի համար։ 1906 թվականին Միություն և առաջադիմություն կոմիտեն իր նստավայրը տեղափոխեց Սալոնիկ և ձեռնամուխ եղավ հեղափոխական կազմակերպությունների լայն ցանց ստեղծելուն։ Շարժման գլխավոր կենտրոն ընտրվեց Մակեդոնիան։ Միաժամանակ նրանք որոշեցին միավորել բոլոր հեղափոխական ուժերը։ Այս նպատակող 1907 թվականի վերջին Փարիզում հրավիրվեց Օսմանյան կայսրության բոլոր ընդդիմադիր կուսակցությունների և խմբավորումների կոնգրես։ Կոնգրեսին ներկա էին հայկական, արաբական, մակեդոնական ազգային և քաղաքական կազմակերպություններ, ինչպես նաև Սաբահեդինի «Ապակենտրոնացման և անհատական նախաձեռնության» լիգան։ Փարիզյան կոնգրեսի ընթացքում ձևավորվեց ազգային-հեղափոխական ուժերի միացյալ ճակատ։ Երիտթուրքերը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները գնացին փոխզիջումների. երիտթուրքերը համաձայնվեցին ազգային փոքրամասնությունների մշակութային և քաղաքական ինքնորոշման սկզբունքի հետ, իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ կբավարարվեն Օսմանյան կայսրության տարածքում ստացած ինքնավարությամբ։ Կոնգրեսի մասնակիցները մշակեցին պայքարի ձևեր և միջոցներ. հրաժարվել բանակում ծառայելուց, հարկեր վճարելուց, կազմակերպել գործադուլներ պետական ապարատի հակակազմավորման համար, և ի վերջո, կազմակերպել զինված ապստամբություն։ Ապստամբության իրականացման համար ընտրվեց 1908 թվականի հոկտեմբեր ամիսը։

Ապստամբությունը և հեղափոխության հաղթանակը

Միջազգային իրադարձությունները արագացրին ապստամբության սկիզբը։ 1908 թվականի հուլիսի 3-ին Մակեդոնիայում Ռեսնա ամրոցի պարետ Նիյազին ապստամբություն բարձրացրեց և հեռացավ լեռներ։ Նրան միացան նաև Էնվերը, Մուստաֆա Քեմալը, Ջեմալը և ուրիշներ։ Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, տեսնելով, որ Կոստանդնուպոլում և Փոքր Ասիայում տեղակայված զորքերը ևս աջակցում են հեղափոխական ուժերին, որոշում է գնալ զիջումների։ 1908 թվականի հուլիսի 24-ին նա վերականգնում է սահմանադրությունը և նշանակում է ընտրություններ։ Այնուհետև արձակվում են մի շարք դեկրետներ, որոնք սահմանում են խոսքի, տպագրության և կազմակերպությունների ազատություն, համաներում է շնորհվում քաղբանտարկյալներին։ Երիտթուրքերի հեղափոխությունը հաղթանակում է։ Նրանք ձգտում էին համաձայնության գալ նախկին կառավարության հետ։ Այդ նպատակով չի կազմավորվում նոր կառավարություն, իշխանությունը մնում է սուլթանի և նրա կողմից նշանակված կառավարության ձեռքում։ Հեղափոխության հաղթանակի և սահմանադրության վերականգման լուրը մեծ ուրախությամբ ընդունվեց Օսմանյան կայսրության արաբական նահանգներում։ Արաբները հեղափոխությունը ընդունում էին որպես իրենց հաղթանակ։ Հեղափոխության հաղթանակը մեծ ոգևորություն առաջացրեց ժողովրդի շրջանում, և նրանք ոտքի կանգնեցին իրենց շահագործողների դեմ։ Բեյրութում, Հուրանում, Իրաքի մի շարք շրջաններում տեղի ունեցան ժողովրդական ելույթներ, որոնք ձախողվեցին։ Արաբական երկրներում դեմոկրատական շարժման թուլության գլխավոր պատճառը կայանում էր նրանում, որ գյուղացիական ելույթները կապված չէին քաղաքներում տեղի ունեցող ելույթների հետ, որտեղ գործող մի շարք դեմոկրատական խմբակներն ընդհանուր լեզու չէին գտնում գյուղի ապստամբական ուժերի հետ։

Վանո Սիրադեղյան

Քաղաքական գործունեություն

1996 թվականի նախագահական ընտրություններ

ԽՍՀՄ փլուզումից հետո, ընթացող Արցախյան պատերազմի պայմաններում և դրանից հետո բնակչության աղքատացման միտումները, ֆինանսատնտեսական և էներգետիկ ճգնաժամը, որպես արդյունք՝ Հայաստանից բնակչության արտագաղթի աճող միտումները, իրենց ազդեցությունն են ունեցել երկրի բնակչության տրամադրությունների վրա, ինչը արտահայտվել է 1996 թվականին Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքներում և հետընտրական զարգացումներում։ Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ուներ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ու նրանց թիմերի աջակցությունը, իսկ ընդդիմադիր քաղաքական թևի առանցքային դերակատարը Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն էր։ Այս երկու թեկնածուների միջև ընթացել է սուր պայքար։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ ընտրույթուններում հաղթող է ճանաչվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը վիճարկել է պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրություններում հաղթել է Վազգեն Մանուկյանը։ Սակայն իշխող ՀՀՇ կուսակցությունը Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ հայտարարել է, որ նախագահ է ընտրվել Լ. Տեր-Պետրոսյանը։ Այս հայտարարությունից հետո բնակչության մի ստվար հատված դուրս է եկել փողոց։ Սեպտեմբերի 25-ին ցուցարարները Երևանի Ազատության հրապարակից շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր։ Ճանապարհին նրանք ներխուժել են ՀՀ Ազգային ժողովի շենք, հաշվեհարդար տեսել մի շարք պաշտոնյաների հետ՝ դաժան ծեծի ենթարկելով նրանց։ Սակայն, երբ ցուցարարները շարժվել են դեպի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի ուղղությամբ, ՆԳՆ աշխատակիցները, իսկ որոշ տվյալների համաձայն նաև Երկրապահ կամավորական միության անդամները, որոնք կրում էին ռազմական հագուստ, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ  ցրել են ցուցարաներին, ինչի հետևանքուվ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել մոտ 60 հոգի։ Արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ է դարձել երկրորդ անգամ։

Ցույցերից հետո երկրում հաստատվել է ռազմական դրություն, զենքի ուժով ճնշվել են ժողովրդի ցույցերը։ Այս առնչությամբ Հայաստանի Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն իր մտերիմների հետ ունեցած խնջույքի ժամանակ հանդես է եկել իր հայտնի ելույթներից մեկով.

Aquote1.png Եթե մենք այդ ժամանակ ունենայինք 8 հատ ջրցան մեքենա, մի 40 հատ տանկ, ըըը տեխնիկայի միջոցներ, բան էն որ պայթացնում էինք (ծիծաղում է)։ Մենք էտ օրը մի 20-30 հազար փամփուշտ կրակեցինք օդ, բայց լավ դուբինկա չունեինք, չէր հերիքում ոչ մեկին։ Ջրով կարելի էր էտ ամբողջ ժողովրդին, էտ ի՜նչ ժողովուրդ է 15000 ժողովուրդ է, ընդամենը 300, 800 կամ 1000 հոգին էր կատաղած, 1000 ժողովուրդը ինչա՜, 8 հատ ջրի մեքենա ես բան անում, է վերջացավ գնաց, թացանում ա, գնումա տուն չորանալու։ Եթե չես կարողանում արդյունաբերությունը աշխատացնես, գոնե 8 հատ ջրի մեքենա պետք ա ունենաս դրա համար, այսինքն՝ որ չես կարողանում աշխատացնես բյուջեն, այսինքն՝ էսքան գործազուրկ կա, էսքան ջրի մեքենա (ծիծաղում է)։ Ոչ միայն դուք պտի կրակեիք, այլ մենք էլ պտի կրակեինք, մի 50 — 800 հոգի պտի սպանեինք։ Հետո գոնե մի 800 մարդ պիտի սպանեինք… (Վանո Սիրադեղյան)’ Aquote2.png

Հետընտրական լարված զարգացումների պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է եղել ազատել Վանո Սիրադեղյանին Հայաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Առաջադրված մեղադրանքներ

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով․

  • 72 հոդվածով (բանդիտիզմ)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 8-րդ կետով
  • 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով
  • 185 հոդվածի 3-րդ մասով (կաշառքի ստացում)
  • 182 հոդվածի 1-ին մասով (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)
  • 17-96 հոդվածի 2-րդ մասով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ՀՀ քրեական օրենսգիրք առ 01.08.2003։ ՀՀ Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը։ Նա մինչև մահը գտնվել է հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.

  • Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։
  • 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար։
  • 1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը։
  • Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ։
  • Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով։
  • 1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։
  • Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին։
  • Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վանո Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով]։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։

Գրական գործունեություն

Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ։ Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր։ Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված։ Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու»։
— Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը Վանո Սիրադեղյանի մասին

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»։

Երկեր

  • Կիրակի (պատմվածքներ), Երևան, 1983, 105 էջ
  • Ծանր լույս (պատմվածքներ), Երևան, 1987, 224 էջ
  • Շատ չհամարվի, Երևան, 1993, 64 էջ
  • Ձեռքդ ետ տար ցավի վրայից, Երևան, 2000, 308 էջ
  • Գյադաների ժամանակը, Երևան, 2005, 224 էջ։
  • Երկիր Ցպահանջ, Երևան, 2011, 224 էջ

Վանո Սիրադեղյան մնացած հղումներին ծանոթանալ՝ այստեղ։

Հայկական հարցը

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է. միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել 1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս:

1877 թ-ի ապրիլին սկսված ռուս-թուրքական պատերազմի ավարտին՝ 1878 թ-ի փետրվարի 19-ին, Սան Ստեֆանո ավանում կնքված հաշտության պայմանագրի 16-րդ հոդվածով Հայկական հարցն առաջին անգամ արձանագրվեց միջազգային դիվանագիտության փաստաթղթերում: Բարձր դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել կայսրության հայաբնակ վայրերում: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն պայմանագիրը կնքվեց միջազգային լարված իրավիճակում. Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878 թ-ի հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին: Այդպես սկզբնավորվեց Հայկական հարցի դիվանագիտական պատմությունը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ը, հասկանալով Հայկական հարցի դերը մեծ տերությունների քաղաքականության մեջ, որոշեց յուրովի լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում կազմակերպելով հայերի զանգվածային ջարդեր, որոնց զոհ դարձավ ավելի քան 300 հզ. մարդ:1895 թ-ի մայիսի 11-ին Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները օսմանյան կառավարությանը ներկայացրին հայկական Վան, Էրզրում, Բիթլիս, Դիարբեքիր, Սվաս և Խարբերդ նահանգներում բարենորոգումների շատ չափավոր ծրագիր, որը կոչվեց Մայիսյան: Չնայած սուլթանական կառավարությունն ընդունեց այդ ծրագիրը, բայց չիրագործեց: Ավելին՝ 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո կայսրության նորաթուխ ղեկավարությունը որդեգրեց նույն՝ պանթուրքիզմի ծրագիրը, և 1909 թ-ի ապրիլին իրագործեց կիլիկիահայության (հատկապես` Ադանայի) կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հզ. մարդ:1914 թ-ի հունվարի 26-ին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ կնքված նոր պայմանագրով՝ երիտթուրքական կառավարությունը պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել Արևմտյան Հայաստանում, սակայն բռնկված Առաջին աշխարհամարտը (1914–18 թթ.) ի չիք դարձրեց նաև այդ ծրագիրը: Երիտթուրքերը, պատերազմի մեջ մտնելով Գերմանիայի կողմից և օգտվելով պատերազմական իրավիճակից, մերձճակատային շրջաններից հայերին տեղահանելու պատրվակով կազմակերպեցին ու իրականացրին ավելի քան 1,5 մլն հայերի բռնագաղթն ու կոտորածը: Արևմտյան Հայաստանը գրեթե ամբողջովին զրկվեց բնիկ ազգաբնակչությունից, Կիլիկիան հայաթափվեց:Կովկասյան ռազմաճակատում հաջող գործողությունների շնորհիվ ռուսական զորքերը հայկական կամավորական ջոկատների հետ գրավեցին Արևմտյան Հայաստանի զգալի մասը, և այդ տարածքներում 1916 թ-ի հունիսին Ռուսաստանն ստեղծեց «Պատերազմի իրավունքով Թուրքիայից գրավված մարզերի զինվորական գեներալ-նահանգապետություն»:1917 թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ապրիլի 25-ին ընդունված որոշումով Արևմտյան Հայաստանի տարածքն անցավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության տնօրինությանը: Տեղահանված և բռնագաղթած հայերին թույլատրվեց վերադառնալ իրենց տները: Սակայն 1917 թ-ի հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Կովկասյան ճակատից ռուսները հետ քաշվեցին, որով բարենպաստ պայմաններ ստեղծվեցին թուրքական նոր արշավանքի համար:Ռուսաստանում իշխանության գլուխ անցած բոլշևիկյան կառավարությունը 1917 թ-ի դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որով ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքն այդ տարածքում և պետականության վերականգնումը: Կառավարությունը պաշտոնապես հայտարարում էր, որ պաշտպանում է «Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»: Սակայն դեկրետը չիրագործվեց. Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ անջատ հաշտության պայմանագիր կնքելով՝ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ դեկրետից: Իր հերթին՝ Թուրքիան խախտեց 1917 թ-ի դեկտեմբերի 18-ին Երզնկայում կնքված ռուս-թուրքական զինադադարը. թուրքական զորքերը 1918 թ-ի փետրվարին հարձակման անցան ամբողջ ճակատով և վերատիրացան Արևմտյան Հայաստանի տարածքին:Պատերազմի ավարտից հետո Հայկական հարցը քննարկվեց Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919–20 թթ.), որտեղ որոշվեց ԱՄՆ-ին հանձնել Հայաստանի մանդատը (հովանավորություն): Այդ որոշումը հաստատեց Ազգերի լիգան: Սակայն ԱՄՆ-ի Սենատը մերժեց նախագահ Վուդրո Վիլսոնի՝ Հայաստանի մանդատն ստանձնելու առաջարկը: 1920 թ-ի օգոստոսի 10-ին Անտանտը Սևրում պայմանագիր կնքեց պարտված Օսմանյան կայսրության սուլթանական կառավարության հետ, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես ազատ և ակախ պետություն: ԱՄՆ-ի նախագահին հանձնարարվում էր որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ Հայաստանի համար դեպի Սև ծով ելքով:Սակայն Թուրքիայում իշխանության գլուխ անցած կառավարությունը՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, չընդունեց Սևրի պայմանագիրը: Ավելին՝ ընդհանուր թշնամու՝ արևմտյան իմպերիալիզմի դեմ պայքարելու և այլ նպատակներով Խորհրդային Ռուսաստանը 1920 թ-ի ամռանը Թուրքիային տրամադրեց ռազմական և դրամական զգալի օգնություն, որը նա օգտագործեց Հունաստանի և Հայաստանի Հանրապետության դեմ: 1920 թ-ի սեպտեմբերի վերջին թուրքական բանակն անցավ հարձակման. նոր տարածքներ զավթելով Արևելյան Հայաստանում և կոտորելով ազգաբնակչությանը՝ Թուրքիան ձգտում էր զրկել հայերին սեփական պետությունը պահպանելու հնարավորությունից: 1920 թ-ի դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում հաշտություն կնքեց Թուրքիայի հետ: Մեկ օր առաջ ՀՀ իշխանությունն անցել էր Հայաստանի ռազմական հեղկոմին: 1921 թ-ի երկու՝ մարտի 16-ի՝ Մոսկվայի, և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով որոշվեց Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որը գործում է մինչև օրս: 1921 թ-ի հունվարին Փարիզում՝ Անտանտի գլխավոր խորհրդի նիստում, Ֆրանսիան հանդես եկավ Սևրի պայմանագիրը վերանայելու պահանջով: 1921 թ-ի Լոնդոնի խորհրդաժողովի որոշումներում «Հայկական անկախ պետություն» արտահայտությունը փոխարինվեց «Թուրքիայի տարածքում «Հայկական ազգային օջախ» ստեղծելու մասին» վերացական ձևակերպմամբ, որը Լոզանի խորհրդաժողովում ջնջվեց այդ նույն դիվանագետների ձեռքով: Այդպես, Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18 թթ.) հետո Օսմանյան կայսրության փլուզմամբ, Արևելյան հարցը ստացավ իր լուծումը, սակայն Հայկական հարցը տակավին մնում է չլուծված: Հայկական հարցի անխզելի մաս է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: 1921 թ-ին Նախիջևանի գավառը և Լեռնային Ղարաբաղը հանձնվեցին Ադրբեջանին: Վերջինիս կազմում 1923 թ-ին կազմավորվեցին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը:Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45 թթ.) ավարտին նկատելիորեն ուժեղացավ սփյուռքահայերի շարժումը՝ Արևմտյան Հայաստանի տարածքը Խորհրդային Հայաստանին միացնելու համար: 1945 թ-ի նոյեմբերի 29-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն այդ խնդրով դիմեց ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարներին: 1945 թ-ի մարտին խորհրդային կառավարությունը, ելնելով Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծված միջազգային նոր իրադրությունից, հայտարարեց 1925 թ-ի խորհրդա-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին. 1945 թ-ի հունիսին Մոսկվայում տեղի ունեցած խորհրդա-թուրքական բանակցությունների շրջանակներում խնդիր դրվեց նաև վերադարձնել 1921 թ-ին Խորհրդային Հայաստանից խլված Կարսի մարզը: Սակայն պայմանագիր չկնքվեց: Երեք դաշնակից տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների 1945 թ-ի Բեռլինի (Պոտսդամի) խորհրդաժողովում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Հայկական հարցը, և որևէ որոշում չկայացվեց: Ավելին՝ ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից հայկական տարածքները վերադարձնելու մտադրությունից, իսկ 1953 թ-ի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման՝ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…»:Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի նախօրեին սփյուռքահայությունը եռանդուն պայքար սկսեց Հայկական հարցը լուծելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: 1968 թ-ի ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում առաջին անգամ նշվեց Մեծ եղեռնի տարելիցը:1960–80-ական թվականներին նկատելիորեն մեծացել է համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի նկատմամբ. սկսվել են քննարկումներ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտական և հասարակական համաժողովներում ու խորհրդաժողովներում: 1960-ական թվականների վերջից Հայկական հարցը դարձել է ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի ազգային փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության կանխման ենթահանձնաժողովի քննարկման առարկա: 1984 թ-ի ապրիլին` Ժողովուրդների մշտական ատյանը (Փարիզում), 1989 թ-ի մայիսին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը (ԱՄՆ-ում) հատուկ նիստեր են նվիրել Հայկական հարցին, որոնց որոշումներում նշվել են հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության վնասների փոխհատուցման անհրաժեշտությունը և սփյուռքահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի ապահովումը: 1970–80-ական թվականներին Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչմանը և դատապարտմանը գործուն աջակցություն են ցուցաբերել մի շարք երկրներ (Հունաստան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն): ԱՄՆ-ի Սենատում և Ներկայացուցիչների պալատում բազմիցս քննարկվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին բանաձևեր, որոնք, սակայն, Թուրքիայի ճնշմամբ մերժվել են: Թուրքիան վարում է Հայոց ցեղասպանութան փաստը մերժելու քաղաքականություն: 1983 թ-ից Հայկական հարցը քննարկվել է Եվրախորհրդարանում: 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը:1988 թ-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է «Օրենք օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» փաստաթուղթը:Հայաստանի անկախացումից հետո բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն օսմանյան Թուրքիայում, և այդ գործընթացը շարունակվում է: Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը:

«Քանի դեռ Հայկական հարցը լուծված չէ, այն շարունակ, ինչպես դամոկլյան սուր, կճոճվի Թուրքիայի գլխավերևում, մինչև վերջապես ասիական Թուրքիայի համար կդառնա նույնը, ինչ Հունական կամ Բուլղարական հարցն է եղել եվրոպական Թուրքիայի համար»: Յոհաննես Լեփսիուս

Հայ ազատագրական պայքար

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերին որպես երկրորդ կարգի քաղաքացի արգելվում էր զենք կրել, Արևմտյան Հայաստանում հայերը ենթարկվում էին քուրդ ավազակախմբերի պարբերական հարձակումների, կեղեքվում օսմանյան հարկահավաքների կողմից։ Համեմատաբար տանելի էր հայերի կյանքը Կոստանդնուպոլսում, որտեղ նրանք օգտվում էին որոշակի արտոնություններից։ Օսմանյան իշխանությունները հայերին ճանաչում էր որպես առանձին «միլեթ» (կրոնական–ազգային համայնք)` օժտելով նրանց համայնքային ինքնակառավարման որոշակի տարրերով։

17-րդ դարի երկրորդ կեսը հայերի համար նշանավորվեց ազատագրական պայքարի կազմակերպման գործնական քայլերով։ Հայոց ազատագրական պայքարի ծավալումը ուներ իր ներքին և արտաքին նախադրյալները։ Ներքին նախադրյալների մեջ էականը հայոց ինքնագիտակցության մեջ դարեր առաջ կորցրած պետականության վերականգնման զգացումն էր։ Ազատագրական պայքարի նախադրյալների մեջ էական էր դավանանքի ու ազգային մշակույթի խաղացած դերը։ Արտաքին գործոններից էր Օսմանյան կայսրության համեմատական թուլացումը, որը ազատագրական պայքարի հաջողության հույսեր էր ներշնչում։ Կարևոր էին միջազգային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունները։ Եվրոպական մի շարք երկրներ, որոնց ևս սպառնում էր Օսմանյան պետությունը, պայքար էին սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Այդ երկրները դիտվում էին Հայաստանի ազատագրության համար հնարավոր դաշնակիցներ։

Օսմանյան սուլթան Աբդուլ-Համիդ II-ը Հայկական հարցը օրակարգից հանելու և բարեփոխումներ իրականացմանն ուղղված հայերի պահանջները չեզոքացնելու նպատակով գնալով ուժեղացնում է արևմտահայության նկատմամբ հալածանքները։

Վերելքի նախադրյալներ

Հայ ժողովրդի պայաքրը 17-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց վերելքի փուլ։ Դրա համար կային մի շարք նախադրյալներ։

Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվել էին հայ ժողովրդի բոլոր հատվածները թե՛ հայրենիքում և թե՛ գաղթօջախներում։ Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ ունևորների խավը։

Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում։ Եվրոպական առանձին երկրներ, որոնք կանգնել էին թուրքական վտանգի առջև, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ։ Էական հանգամանք էր նաև օսմանահպատակ ժողովուրդների՝ հույների, ասորիների, վրացիների անգամ քրդերի, եզդիների համատեղ պայքարի պատրաստակամությունը։

Օսմանյան տերության ժողովուրդների շրջանում լուրջ հույսեր առաջացրեց հատկապես Թուրքիայի և Վենետիկի հանրապետության միջև 17-րդ դարի կեսերին Կրետե կղզու համար մղված պայքարը։

Հայկական ազգային շարժումը ներկայացված էր առանձին անհատ գործիչներով (Հայ ֆիդայիներ), ինչպես նաև երեք կուսակցություններով, որոնք էին՝ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Արմենական և Հ.Յ.Դաշնակցություն։

Էջմիածնի 1677 թվականի ժողով

Հայաստանի ազատագրության հարցը քննարկելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում 1677 թվականին գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր 12 գործիչներ։ Ժողովը որոշեց դիմել Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրակությունը 1678թ. վերջին կեսին մեկնեց Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու համար։ Կ.Պոլսից կաթողիկոսը փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի և այլ երկրների տիրակալների հետ։

Իրայել Օրու գործունեություն

Հակոբ Ջուղայեցին 1980 թվականին մահանում է, և պատվիրակությունը Կոստանդնուպոլիսից ձեռնունայն վերադառնում է Հայաստան։ Սակայն պատվիրակներից Իսրայել Օրին հայ վաճառականների հետ ուղևորվում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա։ Այնտեղ մտնելով զինվորական ծառայության՝ ստանում է սպայի աստիճան։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանական ազգի սրբազան հռոմեական կայսրություն, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Նա ծառայություն է անցնում կայսրընտիր իշխան Հովհան Վիլհելմի մոտ։

Գերմանիան այդ ժամանակ հաջողությամբ պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ Իսրայել Օրին Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը։ Գերմանական իշխանը խոստանում է աջակցել նրան։ Նրա խորհրդով՝ Հայաստանում տիրող վիճակին ծանոթանալու նպատակով Օրին գալիս է հայրենիք։

Անգեղակոթի ժողով

Մելիք Սաֆրազի աջակցությամբ Սիսիանի Անգեղակոթ գյուղում 1699 թվականին հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն։ Ժողովին մասնակցել են Սյունիքի և Արցախի մելիքներ և հոգևորականներ։ Այստեղ շուրջ քսան օր բուռն քննարկման առարկա դարձավ Արևելյան Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու հարցը։ Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների, ինչպես և Ռուսաստանի հետ։ Վիլհեմին ուղղված նամակում հայ մելիքները հավաստիացնում էին, որ ռազմական օգնության դիմաց պատրաստ են նրան ճանաչելու Հայաստանի թագավոր։

Պֆալցյան ծրագիր

Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Վիլհեմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության՝ 36 կետերից բաղկացած «Պֆալցյան ծրագիրը»։ Հայ ազատագրական պայքարի մեծ երախտավոր Իսրայել Օրին առաջինն էր, որ «Պֆալցյան ծրագիր» անունով, առաջ քաշեց դրոշի անհրաժեշտության գաղափարը։ Իսրայել Օրու այս ծրագիրը եվրոպական որևէ երկրում պաշտոնական քննարկման հարց չդարձավ՝ չունենալով գործնական նշանակություն։ Բայց նրա հիմնական դրույթները դրվեցին հայ ազատագրական շարժման ծրագրային սկզբունքների հետագա մշակման հիմքում։ Եվրոպայում Հայաստանի ազատագրության համար անհարաժեշտ օժանդակություն չստանալով՝ Օրին Վիլհեմի խորհրդով այս անգամ մեկնում է Ռուսաստան։

1894 թ. Աբդուլ-Համիդը ձեռնամուխ է լինում «հայկական հարցի լուծման» իր տարբերակի կյանքի կոչմանը։ Քրդերից կազմավորվում են հատուկ զինված ջոկատներ, որոնք ի պատիվ սուլթանի կոչվում էին «համիդիե»։ Դրանք հայ բնակչության զանգվածային կոտորածներ են իրականացնում հատկապես Սասունում, Մուշում, Դիարբեքիրում, Վանում և Խարբերդում։ Ջարդեր են տեղի ունենում նաև Էրզրումում, Տրապիզոնում, Ստամբուլում և Մարաշում։ Ընդհանուր առմամբ 1894-1896 թվականներին Համիդյան կոտորածներին զոհ է գնում մոտ 200,000-300,000 հայ, մոտ 80,000 հայեր դառնում են փախստականներ՝ ապաստան գտնելով Արևելյան Հայաստանում, Կովկասում և Բալկանյան երկրներում։ Թուրքական հայահալած քաղաքականության դեմ 1904 թ. ընդվզում է Սասունը, սակայն օսմանյան իշխանություններին հաջողվում է ճնշել հայերի դիմադրությունը։

Ֆիդայական շարժում

Ֆիդայական կամ հայդուկային շարժումը թուրքական բռնատիրության դեմ արևմտահայութան ազգային-ազատագրական պայքարի ձևերից էր:

Հայ ֆիդայական ազգային-ազատագրական, հակաավատատիրական, ժողովրդավարական շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում, տարերայնորեն, 1880-ական թվականների կեսին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ: Առաջին խմբերն ստեղծվել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և այլ վայրերում: Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի (Առաքել, Ստեփան Մխիթարյան), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) և ուրիշներ: Այս շրջանում ֆիդայիների որոշ ղեկավարներ փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ հայդուկային խմբերի գործողությունները: Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել: Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը:Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար. այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար: 1880–90-ական թվականներին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժումը: Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և, զենք ու զինամթերքով զինված, փորձել են անցնել Արևմտյան Հայաստան: Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից:1890-ական թվականների սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում դրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ: Ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ: Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարական ղեկավարությունը: Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից ո՜րն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում: 1890-ական թվականների 2-րդ կեսից դաշնակցությունը, հասարակական-քաղաքական կյանքում դառնալով գերիշխող, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամ: Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկիայում: Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի են հասել 1895–96 թթ-ին) ֆիդայիները գործուն մասնակցություն են ունեցել հայերի ինքնապաշտպանությանը Խլաթում, Սասունում, Վանում, Շապին-Գարահիսարում և այլուր: Ֆիդայիների հաջող գործողությունները նորից հույս են ներշնչել Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբություն նախապատրաստելու և սկսելու, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար: Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չի տվել: Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվել է իրենց կողմը գրավել քրդական ցեղերին ու ցեղապետներին՝ ընդդեմ հայերի:Հայդուկային պայքարի նշանավոր դրսևորումներից են Բաբշենի (1898 թ.), Խաստուրի (1899 թ.), Սպաղանքի (1899 և 1900 թթ.), Ցրոնքի (1899 թ.), Բերդակի (1901 թ.), Նորշենի (1901 թ.), Առաքելոց վանքի (1901 թ.) կռիվները: Այս շրջանում մեծ համբավ ունեին ֆիդայիներ Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Անդրանիկ Օզանյանը, Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան), Ժիրայրը (Հարություն-Մարտիրոս Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Սպաղանաց Մակարը (Մակար Տոնոյան), Վազգենը (Տիգրան Տերոյան), Գուրգենը (Բաղդասար Մալյան) և ուրիշներ:Ֆիդայական շարժման պոռթկում էր 1904 թ-ի Սասունի ապստամբությունը, որի ընտրված ղեկավար մարմնի՝ զինվորական խորհրդի կազմում էին Անդրանիկը (ղեկավար), Գևորգ Չավուշը, Սեպուհը, Սեբաստացի Մուրադը, Կայծակ Առաքելը (Տիգրան Աբաջյան) և ուրիշներ: XX դարի սկզբին Դաշնակցություն և Հնչակյան կուսակցությունները շարունակել են կազմակերպել հայդուկային ու զինատար խմբեր և անցկացնել Արևմտյան Հայաստան՝ Կովկասից ու Իրանից: Սակայն ճանապարհին նրանց խոչընդոտել են ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս սահմանապահները՝ հաճախ ձախողելով այդ ձեռնարկումները:

Արևմտահայերին օգնության շտապող խմբերը կազմակերպվել են հապճեպ՝ առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները, որոնք էլ դարձել են անհաջողությունների պատճառ: Եղել են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ. առավել հայտնի է Խանասորի արշավանքը (1897 թ.): Վարդանի (Սարգիս Մեհրաբյան) ընդհանուր հրամանատարությամբ՝ արշավախումբը Խանասորի դաշտում վերացրել է քրդական ցեղը (բացի երեխաներից ու կանանցից), որից հետո հնարավոր են դարձել զենքի առաքումները Տարոնի ուղղությամբ: Արշավանքի մասնակիցները հայտնի են «խանասորյան սերունդ», իսկ հրամանատարը՝ Խանասորի Վարդան անուններով:1904 թ-ի Սասունի ապստամբությունից հետո ֆիդայական շարժումն սկսել է թուլանալ: Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (1905 թ-ի Ալվառինջի, 1907 թ-ի Սուլուխի կռիվները)՝ հայդուկային շարժումն անկում է ապրել: Շարժման ելքը կանխորոշել են գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը: Այդուհանդերձ, Ֆիդայական շարժումը ժողովրդին նախապատրաստել է ազատագրական պայքարի, զսպել է թուրք պաշտոնյաներին ու քուրդ աղաներին, մեղմել և նույնիսկ վերացրել է նրանց գործադրած բռնությունները:Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ.) հետո ֆիդայիներին ներում է շնորհվել, և նրանց մի մասն իջել է լեռներից ու անցել խաղաղ աշխատանքի: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) սկզբին ֆիդայիների զգալի մասը մտել է հայկական կամավորական ջոկատների մեջ, իսկ Մեծ եղեռնի օրերին մասնակցել է հայերի ինքնապաշտպանական կռիվներին:Ժողովուրդը փառաբանել է ֆիդայիների հերոսությունը, երգեր հյուսել նրանց մասին: Ֆիդայիներին բանաստեղծություններ են ձոնել Դանիել Վարուժանը, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը («Հայդուկի երգեր», ժողովածու, 1960 թ., Բեյրութ) և ուրիշներ, իսկ Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում կերտել է հայտնի ֆիդայիների կերպարներ: Ֆիդայիների կերպարներին անդրադարձել են նաև հայ նկարիչներն ու քանդակագործները:

Ֆիդայի կամ ֆեդայի (արաբերեն է. նշանակում է զոհ, հանուն գաղափարի նահատակվող մարդ) XIX դարի վերջին քառորդին և XX դարի սկզբին Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական բռնապետության և թուրք-քրդական հարստահարողների դեմ պայքարող հայ ժողովրդական մարտիկների հավաքական անունն է:

Միջազգային կազմակերպություններ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր: 1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն: 1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին: 1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին: 2005 թվականի օգոստոսի 26-ի Կազանի գագաթաժողովին Թուրքմենստանը հայտարարեց, որ ԱՊՀ շրջանակներում կգործի ասոցացված անդամի կարգավիճակով: 1994թ-ի մարտից ԱՊՀ-ն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ ԳԱ-ում: ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։ Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին: 2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը: Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում: Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում: ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ: 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը: 2018թ. հունիսի 1-ին Դուշանբեում և նոյեմբերի 2-ին Աստանայում ՀՀ առաջին փոխվարչապետ Ա.Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի աշխատանքներին: ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որպես Համագործակցության բարձրագույն մարմիններից մեկը, հանդիսանում է ԱՊՀ այն հարթակը, որը ԱՊՀ պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների ստորագրմանն է ներկայացնում համապատասխան որոշումների նախագծեր: ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է 2018թ.-ի ապրիլի 6-ին Մինսկում, իսկ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շ.Քոչարյանը՝ 2018թ. սեպտեմբերի 27-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստերին: 2019թ. հոկտեմբերի 11-ին Աշխաբադում նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: 2019թ. մայիսի 31-ին՝ Աշխաբադում և հոկտեմբերի 25-ին՝ Սոչիում նախատեսվում է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի անցկացումը: 2019թ. ապրիլի 5-ին Մոսկվայում կայացավ, ինչպես նաև 2019թ. երկրորդ տարեկեսին նախատեսվում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստերը: 2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին:



ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիմքի վրա: Մաքսային միությունը սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին: 2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին: 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պայմանագիր է ստորագրվել՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին Ղրղզական Հանրապետության միանալու մասին (Ղրղզստանը ԵԱՏՄ անդամ է հանդիսանում 2015թ. օգոստոսի 12-ից): ԵԱՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, համագործակցության, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կայուն զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով: ԵԱՏՄ-ում ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաև՝ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության ոլորտներում՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին համապատասխան: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: 2016թ. մայիսի 31-ին Աստանայում տեղի է ունեցել ԵՏԲԽ հերթական նիստը, որի աշխատանքին մասնակցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Ս.Սարգսյանը: Եվրասիական միջկառավարական տնտեսական խորհուրդը մարմին է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:  2016թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայում անցկացվել է Միջկառավարական տնտեսական խորհրդի հերթական նիստը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միության մշտական գործող վերազգային կարգավորող մարմինն է, որը ձևավորում են Հանձնաժողովի խորհուրդն ու Հանձնաժողովի կոլեգիան: Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միության գործունեության և զարգացման պայմանների ապահովումը, ինչպես նաև՝ միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: ԵՏՀ կոլեգիան բաղկացած է 10 անդամից (կոլեգիայի 2-ական անդամ (նախարար) յուրաքանչյուր մասնակից երկրից), որոնցից մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Կոլեգիայի նախագահը և կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ: Կոլեգիան որոշումներ է կայացնում քվեարկության միջոցով: ԵՏՀ գործունեությունը համակարգված է ֆունկցիոնալ ուղղություններով, որոնք ղեկավարվում եմ կոլեգիայի անդամների կողմից: Յուրաքանչյուր ուղղություն տնտեսական գործունեության ոլորտների և բնագավառների բլոկ է ներկայացնում: ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատավորի լիազորությունների ժամկետը ինը տարի է: Դատավորները նշանակվում են պաշտոնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Միության դատարանը տեղակայված է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում: Նախագահությունը Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում (փոխվարչապետերի մակարդակ) իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ 2016թ. ԵԱՏՄ նախագահությունն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության կողմից: ԵԱՏՄ պայմանագրի համաձայն՝ միությանը իրավունք է վերապահված իր իրավասությունների շրջանակում իրականացնել միջազգային գործունեություն՝ ուղղված միության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Պետությունների, միջազգային կազմակերպությունների և միջազգային ինտեգրացիոն միությունների հետ միջազգային համագործակցության իրականացման կարգը հաստատված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի 2014թ. դեկտեմբերի 23-ի որոշմամբ: 2015թ. մայիսի 29-ին ԵԱՏՄ ու իր անդամ-երկրների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրվել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Տվյալ համաձայնագիրը ԵԱՏՄ և երրորդ կողմի միջև ազատ առևտրի գոտու մասին առաջին միջազգային փաստաթուղթն է: Ներկայումս արդեն ստորագրված են կամ ուսումնասիրման փուլում են գտնվում երրորդ երկրների և/կամ նրանց իրավասու մարմինների հետ փոխգործակցության համապատասխան հուշագրեր: Միասնական տնտեսական տարածքը անդամ երկրներին հնարավորություն է ընձեռում համակարգել տնտեսական քաղաքականությունն առանցքային բնագավառներում: ՄՏՏ ձևավորման հիմնական բաղադրիչներից մեկը ներքին շուկայի գործունեությունն է, որի շրջանակներում անդամ-երկրների ապրանքների փոխադարձ առևտրում չեն կիրառվում ներմուծման և արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված դեպքերի։ԵԱՏՄ-ում իրականացվում է մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն, որի վարման հիմնական ուղղություններն են. միության անդամերկրների  տնտեսությունների գործունեության նույնական սկզբունքների ձևավորումը, տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումը, ինչպես նաև կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման տեսության համար միասնական սկզբունքների և ուղղությունների մշակումը: Անդամ-պետությունները պայմանավորվել են համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման վերաբերյալ: Պայմանագրի համաձայն՝ բեռների միջազգային ավտոմոբիլային տեղափոխումը, որը կատարվում է անդամ-պետություններից որևէ մեկի տարածքում գրանցված բեռնափոխադրողների միջոցով, իրականացվում է առանց թույլտվության հիմքով: Պայմանագրով նաև հիմքեր են ամրագրված միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարման օպտիմալացման համար: Աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով ԵԱՏՄ պայմանագրով միության անդամ-պետությունների քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ԵԱՏՄ պետություններից որևէ մեկում, թույլատրության փաստաթղթերի ձևակերպումը, ինչպիսիք են պատենտները կամ աշխատանքի թույլտվությունը, չի պահանջվում: Հավասարապես, ինչպես ԵԱՏՄ երկրների սահմանն անցնելիս՝ միգրացիոն քարտերի լրացումը, եթե քաղաքացիների գտնվելու ժամկետը չի գերազանցում մուտքի օրվանից 30 օրը: Աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամներն ազատվում են գրանցումից (հաշվառումից) ներքին գործերի մարմիններում մինչև 30 օր գտնվելու ժամկետով: ԵԱՏՄ-ի ներսում ֆիզիկական անձանց եկամտահարկը վճարվում է կեցության դրույքով: Անդամ-պետությունների ուսումնական հաստատություններում ստացած դիպլոմների ճանաչումը կատարվում է ավտոմատ կարգով:



ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ: ԵԱՀԿ մոտեցումը անվտանգության և կայունության ապահովման խնդիրներին բազմակողմանի է և համընդգրկուն: Կազմակերպության գործունեությունն ընթանում է 3 հարթություններով, այսպես կոչված «զամբյուղներով»` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային: ԵԱՀԿ տեսանկյունից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգումն ու պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության ու շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում համագործակցությունը նույնքան կարևոր են անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման համար, որքան ռազմաքաղաքական խնդիրների լուծումը: Կազմակերպության գործունեության գերակայություններից են՝ հակամարտությունների վաղ ազդարարումն ու կանխարգելումը, ճգնաժամերի կառավարումը, հետկոնֆլիկտային վերականգնումը: ԵԱՀԿ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով` ունենալով քաղաքական, այլ ոչ իրավական պարտադրող ուժ: Կազմակերպության որոշում կայացնող մարմիններն են.

  • Գագաթաժողովը
  • Նախարարների խորհուրդը
  • Մշտական խորհուրդը
  • Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումը

ԵԱՀԿ աշխատանքը առաջնորդելու, համակարգելու և կազմակերպության ղեկավարման համար այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելու համար ԵԱՀԿ-ն մեկ տարով ընտրում է նախագահություն: ԵԱՀԿ-ն 2019թ. նախագահում է Սլովակիան: Նրան աշխատանքներն իրականացնելիս աջակցում են նախկին և հաջորդ նախագահությունները, որոնք գործող նախագահության հետ միասին կազմում են ԵԱՀԿ Տրոյկան. ներկայումս` Իտալիա, Սլովակիա և Ալբանիա: ԵԱՀԿ քարտուղարությունն իրականացնում է կազմակերպության առօրյա գործունեությունը, օժանդակում է Գործող նախագահին իր պարտականություններն իրականացնելիս: Քարտուղարությունը ղեկավարում է Գլխավոր քարտուղարը: ԵԱՀԿ քարտուղարությունը գտնվում է Վիեննայում:

Կազմակերպության մասնագիտացված մարմիններն են.

  • Ժողովրդավարական հաստատություների և մարդու իրավունքների գրասենյակը:
  • Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատարի գրասենյակը:
  • Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակը:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը մասնակից-երկրների միջխորհրդարանական հարաբերությունների և համագործակցության մարմին է: ԵԱՀԿ աշխատանքները տեղերում արդյունավետ կերպով իրականացնելու, կազմակերպության նպատակներն ու սկզբունքները տարածելու և մասնակից երկրների հետ համագործակցության համակարգման նպատակով գործում են ԵԱՀԿ դաշտային առաքելությունները: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: 1995թ. հիմնվել է ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովին վերաբերող հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը, որը 1996թ. հուլիսից զբաղեցնում է դեսպան Անջեյ Կասպժիկը (Լեհաստան):

Հայաստան — ԵԱՀԿ համագործակցություն

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է: 2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն շարունակելու ՀՀ համար առաջնային ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն ներառում է ծրագրային ուղղություններԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են պատգամավորներ Հ. Կոնջորյանը (պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը»), Լ. Նազարյանը («Իմ քայլը»), Տ. Ուրիխանյանը («Բարգավաճ Հայաստան»), Հ. Դանիելյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «Իմ քայլը»), Մ. Կարապետյանը (պատվիրակության փոխարինող անդամ, «Իմ քայլը») և Ա. Սամսոնյանը (փոխարինող անդամ, «Լուսավոր Հայաստան»):



ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկողմնակալ, չեզոք և անկախ կազմակերպություն է, որի առաքելությունը պատերազմից և ներքին ընդհարումներից տուժածներին օգնելը և նրանց կյանքի ու արժանապատվության պաշտպանությունն է: Հայաստանում ԿԽՄԿ-ն գործում է 1992թ.-ից` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: Պատվիրակության ղեկավարն է տիկին Քլեր Մեյթրոն: Պատվիրակության համար առաջնահերթ նպատակներ են.

  • իշխանություններին սատարելը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում,
  • ԼՂ հակամարտության հետևանքով ազատազրկվածներին այցելելը և նրանց հայրենադարձման ու տեղափոխության հարցում օժանդակություն ցույց տալը,
  • իշխանություններին աջակցելը կալանավայրերում տուբերկուլոզի վերահսկման ու տարածման կանխարգելման գործում,
  • իշխանություններին խրախուսելը միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրերի վավերացման և ազգային օրենսդրությունում դրանց դրույթների ներառման ու կիրարկման գործում,
  • ՀՀ զինված ուժերին օժանդակելը միջազգային մարդասիրական իրավունքը /ՄՄԻ/ ռազմական կրթակարգում ընդգրկելու հարցում,
  • հանրակրթական դպրոցներում և բուհերում ՄՄԻ-ի դասավանդումը խթանելը,
  • Հայկական կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) աջակցելը,
  • մարդասիրական խնդիրների շուրջ երկխոսություն վարելը քաղաքացիական հասարակության հետ:

Հայաստանում իր գործունեությունն իրականացնելիս, ԿԽՄԿ-ն համաձայնեցնում է այն տարածաշրջանում գործող այլ կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:



ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2014-2016

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992թ., երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները խարսխված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) (Հայաստանը միացել է 1994թ-ին) ծրագրի վրա, ինչպես նաև իրականացվում է ներգրավման ավելի բարձր աստիճան ապահովող փոխգործակցություն Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (EAPC) (անդամ է 1997թ-ից) շրջանակներում: 2006թ-ից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունները և տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում: 2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է թվով 5-րդ՝ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը: Ներկայումս ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն է դեսպան Գագիկ Հովհաննիսյանը:

Պաշտպանական և անվտանգության ոլորտում Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ԱԳԳԾ-ի շրջանակներում ուղղված է իր պաշտպանական և անվտանգության համակարգերի բարեփոխմանը և դաշնակիցների հետ փոխգործակցության ունակությունների բարձրացմանը: Համագործակցության կարևոր խնդիրներից է ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ապահովումը:

2002թ-ից Հայաստանը մասնակցում է ԳՀԽ Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

2004թ-ից Հայաստանն իր մասնակցությունն է բերում Կոսովոյում (2004թ.) և Աֆղանստանում (2010թ.) ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաև արտակարգ իրավիճակների կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների հետագա զարգացմանը նպաստում է ՆԱՏՕ/ԵԱԳԽ Աղետների արձագանքման համակարգման եվրատլանտյան կենտրոնի (EADRCC) հետ սերտ համագործակցությունը: 2010թ. սեպտեմբերի 11-16-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման և համակարգման եվրատլանտյան կենտրոնի և Հայաստանի կողմից կազմակերպված «Արմենիա-2010» վարժանքը, որը աղետների արձագանքման բնագավառում ՆԱՏՕ-ի խոշորագույն միջոցառումներից էր: Հայ փրկարարները ակտիվ մասնակցություն են ունենում այս կենտրոնի կողմից կազմակերպվող վարժանքներին, դրանց շարքում՝ 2011թ.` «Կոդրի 2011» (Մոլդովա), 2012թ.` «Georgia 2012» (Վրաստան), 2015թ.՝ «Ուկրաինա-2015», 2016թ.՝ «Crna Gora 2016» (Մոնտենեգրո) և 2017թ.՝ «Bosnia & Hercegovina 2017» միջոցառումներին: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է նաև ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի և բնապահպանության ոլորտներում: Հայաստանի լայն հասարակությունը հանրային դիվանագիտության միջոցառումների միջոցով պարբերաբար իրազեկվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին և այդ նպատակին են ծառայում Հայաստանում անցկացվող ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները: Դեկտեմբերի 13-18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեցին հերթական՝ թվով 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ ավանդական դարձած հեռուստակամուրջը: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների իրազեկման գործում կարևոր դերակատարություն ունի նաև Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում է 2007թ. մարտի 12-ից:



ՄԱԿ-ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ՄԱՓԳՀ/UNHCR)

ՄԱԿ-ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ (ՄԱՓԳՀ/UNHCR)

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հիմնադրվել է 1992թ.-ին` Ադրբեջանից Հայաստան ներգաղթած մոտ 400 հազար հայերի խնդիրները լուծելու հարցում աջակցություն տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքին ընդառաջ։ Սկզբնական շրջանում կազմակերպությունն իր գործունեությունը հիմնականում իրականացրել է հրատապ մարդասիրական կարիքները հոգալու, ինչպես նաև փախստականներին կացարաններով ապահովելու ուղղությամբ։ Առաջնորդվելով Հայաստանի զարգացման միտումներով, ՄԱԿ ՓՀԳՀ-ն աստիճանաբար անցում է կատարել մարդասիրական օգնություն տրամադրելուց դեպի փախստականների պաշտպանությունն ու աջակցությունը կազմակերպելու և փախստականների խնդիրներին տևական լուծումներ ապահովելու ՀՀ կառավարության կառուցակարգային կարողությունների զարգացմանը։ ՄԱԿ ՓՀԳՀ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակում իր սրությամբ առանձնանում է փախստականների բնակարանային ապահովության խնդիրը: ՀՀ կառավարությունը, 2004թ. մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատեց 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագիրը: ՄԱԿ ՓՀԳ ջանքերով 2007 թվականի նոյեմբերին իրաքահայ փախստականների ձմեռման կարիքները հոգալու նպատակով ՄԱԿ-ի Ճգնաժամերի կենտրոնական արձագանքման հիմնադրամից հատկացվեց 300,000 ԱՄՆ դոլար, իսկ 2008 թվականին արդեն ինտեգրմանն ուղղված կարիքներով, ՄԱԿ ՓՀԳ-ն հատուկ հայտով տրամադրեց 1 մլն. դոլար: Դարբնիկ գյուղում իրաքահայ փախստականների համար կառուցված «Սոցիալական տան» առաջին մասնաշենքը 46 բնակարանով շահագործման հանձնվեց 2009 թվականի հուլիսի 3-ին: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան է ներգաղթել ավելի քան 20.000 մարդ, որոնց հիմնական մասը հայեր են: Կառավարությունն անում է հնարավորինս վերջիններիս խնդիրները լուծելու համար` այդ թվում ընդունվեցին սիրիահայերի ինտեգրումը դյուրացնող իրավական ակտեր, սահմանվեց փաստաթղթերի ստացման հեշտացված կարգ, դպրոցներում կազմակերպվեցին հայոց լեզվի դասընթացներ, կատարվում է ուսանողների կրթաթոշակների փոխհատուցում և այլմ: Այնուհանդերձ, Հայաստանի նման փոքր պետության համար այդ խնդիրների լուծումը մեծ ջանքեր և ֆինանսական ներդրումներ է պահանջում:



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,
  • ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ:

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ. Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե.

  • առաջին կոմիտե (զինաթափման և միջազգային անվտանգության),
  • երկրորդ կոմիտե (տնտեսական և ֆինանսական),
  • երրորդ կոմիտե (սոցիալական, հումանիտար և մշակութային),
  • չորրորդ կոմիտե (հատուկ քաղաքական և ապագաղութացման),
  • հինգերորդ կոմիտե (վարչական և բյուջետային),
  • վեցերորդ կոմիտե (իրավական):

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:

Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:

Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ: Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

Գյուլիստանի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։

Գյուլիստանի պայմանագիր, ռուս-պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը (Շիրակի մարզ՝ Երևանի խանությունից) և Զանգեզուրը (Սյունիքի մարզ՝ Ղարաբաղի խանությունից)։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։

Ռուսատանը ցանկանում էր իր տարածքը ընդլայնել դեպի Կասպից և Սև ծովերը և դա պետք է կատարեր Պարսկաստանի և Օսմանյան կայսրության հաշվին: Իսկ Իրանը ցանկանում էր իր տարածքը հաստատեր հյուսիսային սահմանում:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Այն կետերի հետ, որ Հայաստանի բազում կարևոր շրջանները անցան Ռուսաստանին։ 

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Կստորագրեյի, քանի որ տարածքների զիջման հետ համատեղ՝ պայմանագիրը խաղաղություն է բերում Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Պայմանագիրը ուներ և իր լավ և վատ կողմերը։

Բուխարեստի պայմանագիր

Պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

 Ռուս-թուրքական 1806-1812 թվականների պատերազմից հետո Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև կնքվեց հաշտության պայմանագիր։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ ժողովուրդի ազգային շահերը։ Հայերի շահերին վերաբերող կետեր չկային։ Հայաստանից միայն՝ միմյանց միջև բաժանում էին տարածքներ։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները:

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

Բոլոր կետերի հետ էլ համաձայն չեմ, քանի որ մեր օգտին ոչ մի շահ չկար, Ռուսաստանն ու Թուրքիան միայն վարում էին նվաճողական քաղաքականություն։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

Եթե օգուտ չկար Հայաստանին բնականաբար չէի ստորագրի։ Եթե լիներ շատ նեղ իրավիճակ՝ կստորագրեյի։ Բայց սկզբնական կարելի է պայքարել մինչև վերջ։

1804-1813 թթ․ ռուս-պարսկական և 1806-1812 թթ․ ռուս թուրքական պատերազմներ

1. Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը։

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մելիք– Աղամալյանները ։ Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր ։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր ։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ ։

2. Արևելյան Վրաստանի Ռուսաստանին միացումով ինչպիսի՞ աշխարհաքաղաքական փոփոխություններ եղան տարածաշրջանում։ Տվե՛ք ձեր գնահատականը՝ բացատրելով ու վերլուծելով։

Քոչվոր մոնղոլների ասպատակությունների և թուրք-պարսկական հակամարտությունների արդյունքում թուլացած Վրաստանը մասնատվում է և վերջինիս հենքի վրա առաջանում են Քարթլիի, Իմերեթի և Կախեթի թագավորությունները։ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, ապա ամբողջ երկիրը, անցնում է Ռուսական կայսրությանը՝ դառնալով «կռվախնձոր» տարածաշրջանային գերտերությունների միջև։ 1917 թվականին Բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վրաստանը մտնում է Անդրկովկասյան կոմիսարիատի կազմի մեջ։ Այդ բաժանումներով երկիրը բաժանվել էր երեք մասի և դրանով օտար երկրների հարձակումների արդյունքում կարող էր և չգոյատևել համախմբված չլինելու պատճառով։ Կոմիսարիատի մեջ մտնելը ամենաճիշտ քայլերից մեկն էր։

3.  Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-պարսկական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

Ռուսաստանում հաստատված Ռոմանովների դինաստիան (1613-1917), ունենալով ծավալապաշտական ձգտումներ, դեռ 17-րդ դարի վերջին դուրս եկավ Ռուսական թագավորության սահմաններից և հասավ կայսրության։ Մի քանի տասնամյակների ընթացքում նվաճելով հսկայական տարածքներ Հյուսիսային Ասիայում (Սիբիր) ցարերը նվաճումների անցան արևմուտքում Եվրոպայում։ 18-դարում պատերազմելով Շվեդիայի, Ռեչ Պոսպոլիտայի, Ավստրիայի դեմ Ռուսաստանը նվաճեց Արևելյան Եվրոպայի մեծ մասը։ Առաջին կայսր Պետրոս Մեծը և իր հետնորդները նպատակ ունեին ընդլայնել տերության սահմանները դեպի հարավ նվաճելու Մերձավոր Արևելքը։ Ինձ թվում է, որ ոչ՛, քանի որ եթե վերջնական պատերազմ չլիներ հակասություններն միշտ շարունակվելու էին։

4.  Ի՞նչ նախադրյալներ կային ռուս-թուրքական պատերազմ սկսելու համար։ Կարելի՞ էր խուսափել պատերազմից։ Հիմնավորե՛ք ձեր պատասխանը։

1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին։ Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։ Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։