ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

 

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրն է` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը և ամբողջ պետական ու իրավական կարգը:

Այդ խնդրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը որոշում է, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցավոր և սահմանում է հանցագործություն կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա պատիժները:

(1-ին հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

Հոդված 2.

(2-րդ հոդ. վերացվել է 19.05.94 ՀՕ-102 օրենքով)

i

Հոդված 3. Քրեական պատասխանատվության հիմքերը

Քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է միայն հանցագործություն կատարելու մեջ մեղավոր անձը, այսինքն` նա, ով դիտավորությամբ կամ անզգուշությամբ կատարել է քրեական օրենքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:

Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղավոր ճանաչվել, ինչպես նաև քրեական պատժի ենթարկվել այլ կերպ, քան դատարանի դատավճռով և օրենքին համապատասխան:

(3-րդ հոդ. խմբ. 29.12.82 օրենք)

i

Հոդված 4. Քրեական օրենքների ներգործությունը Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարված արարքների նկատմամբ

Այն բոլոր անձինք, ովքեր հանցագործություն կատարել են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գործող քրեական օրենքներով:

Հայաստանի Հանրապետության տերիտորիայում հանցագործություն կատարած օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և մյուս այն քաղաքացիների քրեական պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և միջազգային պայմանագրերի համաձայն քրեական գործերով ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության դատարաններին, լուծվում է դիվանագիտական կարգով:

(4-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ներգործությունն արտասահմանում կատարված արարքների նկատմամբ

Եթե արտասահմանում հանցագործություններ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քրեական պատասխանատվության են կանչվել կամ դատի են տրվել Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, քրեական պատասխանատվության ենթակա են սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նույն հիմունքներով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետությունում գտնվող և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել արտասահմանում:

Եթե հիշյալ անձինք իրենց կատարած հանցագործությունների համար պատիժ են կրել արտասահմանում, դատարանը կարող է նրանց նկատմամբ նշանակված պատիժը համապատասխանորեն մեղմացնել կամ հանցավորին իսպառ ազատել պատիժ կրելուց:

Արտասահմանում կատարած հանցագործությունների համար օտարերկրյա քաղաքացիները ՀՀ քրեական օրենքներով պատասխանատվության ենթակա են միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:

(5-րդ հոդ. խմբ. 29.10.69, 29.12.82, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

i

Հոդված 6. Քրեական օրենքի ներգործությունը ժամանակի մեջ

Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են այդ արարքը կատարելու պահին գործող օրենքով:

Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է նաև դրա հրատարակումից առաջ կատարված արարքների վրա:

Արարքի պատժելիությունը սահմանող կամ պատիժը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

Նոր քրեական օրենքը Հայաստանի Հանրապետության ամբողջ տերիտորիայում ուժի մեջ է մտնում նրա հրապարակումից տասն օր անցնելուց հետո, եթե այդ իսկ օրենքում չի մատնանշվում այն գործողության մեջ դնելու այլ ժամկետ:

i

ԳԼՈՒԽ II.
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

i

Հոդված 7. Հանցագործություն հասկացությունը

Հանցագործություն է համարվում սույն օրենսգրքով նախատեսված հասարակության համար վտանգավոր այն արարքը (գործողությունը կամ անգործությունը), որն ուղղված է քաղաքացիների անձի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքների ու ազատությունների, սեփականության բոլոր ձևերի և ամբողջ պետական ու իրավական կարգի դեմ:

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է քրեական օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում:

(7-րդ հոդ. խմբ. 29.12.82, 19.05.94 ՀՕ-102, 14.06.94 ՀՕ-107 օրենքներ)

i

Հոդված 7.1 Ծանր հանցագործություն հասկացությունը

Ծանր հանցագործություններ են համարվում սույն հոդվածի երկրորդ մասում թվարկված հանրորեն առավել վտանգավորություն ներկայացնող դիտավորյալ արարքները:

Ծանր հանցագործությունների թվին են պատկանում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունները (5968 հոդվածներ), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ազգային և ռասայական իրավահավասարության խախտումը (69 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), բանդիտիզմը (72 հոդված), ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատանքը կազմալուծող գործողությունները (72.1 հոդված), մաքսանենգությունը (73 հոդված), մասսայական անկարգությունները (74 հոդված), հաղորդակցության ճանապարհները և տրանսպորտի միջոցները վնասելը (81 հոդված), կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը (82 հոդված), գույքի խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը (86 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր89 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր90 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված կողոպուտը (87 հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասեր), ավազակությունը (88 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթումը (94 հոդվածի երրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (96 հոդվածի երկրորդ մաս), դիտավորյալ սպանությունը (99 և 100 հոդվածներ), դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը (105 հոդված), բռնաբարությունը (112 հոդված), պատանդներ վերցնելը (130.1) ծանրացուցիչ հանգամանքներում կատարված իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը (183 հոդվածի երկրորդ մաս), կաշառք ստանալը (185 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում միջնորդությունը կաշառքի համար կամ կաշառք տալը (185.1 հոդվածի երկրորդ մաս186 հոդվածի երկրորդ մաս), ծանրացուցիչ հանգամանքներում ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը (190 հոդվածի երկրորդ մաս), ծանր հետևանքներ առաջացրած ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը (191 հոդվածի երկրորդ մաս), ցուցմունքներ տալուն հարկադրելը ծանրացուցիչ հանգամանքներում (193 հոդվածի երկրորդ մաս), ոտնձգությունը միլիցիայի աշխատողի կամ զինվորական ոստիկանի կյանքի նկատմամբ (209.1 հոդված), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանությունը (222 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), օդանավ փախցնելը (180.1 հոդված), վաճառելու նպատակով ապօրինաբար թմրանյութեր պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը կամ դրանց վաճառքը (229 հոդվածի առաջին և երկրորդ մասեր), վաճառելու նպատակով թմրանյութեր հափշտակելը, այլև դրանց հափշտակումը ծանրացուցիչ հանգամանքներում (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը (232.1 հոդված), միջուկային կամ ռադիոակտիվ նյութեր հափշտակելը (237.3), ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործող նորմերը, կանոնները և հրահանգները խախատելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.7 հոդվածի երկրորդ մաս), ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում, միջուկային տեղակայանքում, իոնացնող ճառագայթման աղբյուրում, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքում ստեղծված արտակարգ իրավիճակներում պաշտոնեական պարտականություններ չկատարելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.9 հոդվածի երկրորդ մաս), պաշտոնատար անձանց կողմից միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին շահագործման աշխատակարգը կամ կանոնները խախտել հարկադրելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.10 հոդվածի երկրորդ մաս), միջուկային տեղակայանքի, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, իոնացնող ճառագայթման աղբյուրի անձնակազմին և պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, եթե դա ծանր հետևանքներ է առաջացրել (237.11 հոդվածի երկրորդ մաս), վթարի փաստը թաքցնելը, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելը, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելը, եթե դրանք ծանր հետևանքներ են առաջացրել (237.12 հոդվածի երկրորդ մաս), անհնազանդությունը ծանրացուցիչ հանգամանքներում (246 հոդվածի «բ» և «գ» կետերը), պետին դիմադրելը կամ նրան ծառայության պարտականությունները խախտելուն հարկադրելը (248 հոդված), պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը (250 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքի կանոնների խախտումը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում (252 հոդվածի «բ» և «գ» կետերը), դասալքությունը (255 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում ռազմական գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը (259 հոդվածի «բ» և «գ» կետերը), ծանրացուցիչ հանգամանքներում մարտական հերթապահություն տանելու կանոնները խախտելը (265 հոդվածի «գ» կետը):

(7-րդ հոդ. խմբ. 28.06.72, 28.04.77, 06.09.72, 04.05.73, 29.01.75, 02.09.75, 16.08.76, 28.04.77, 29.12.82, 31.07.84, 23.10.87, 25.07.88, 10.03.90, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 13.12.95 ՀՕ-27, 04.11.96 ՀՕ-85, 14.05.02 ՀՕ-344-Ն օրենքներ)

Հոդված 8. Հանցագործությունը դիտավորությամբ կատարելը

Հանցագործությունը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

Հոդված 9. Հանցագործությունն անզգուշությամբ կատարելը

Հանցագործությունը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարող անձը նախատեսել է իր գործողության կամ անգործության` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթևամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք, կամ չի նախատեսել այդպիսի հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

i

Հոդված 10. Անչափահասների պատասխանատվությունը

Քրեական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է նախքան հանցագործություն կատարելը:

Այն անձինք, ովքեր հանցագործությունը կատարել են տասնչորսից մինչև տասնվեց տարեկան հասակում, ենթակա են քրեական պատասխանատվության միայն սպանության (99103 հոդվածներ), առողջությունը քայքայող դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու (105-108 հոդվածներ109 հոդվածի առաջին մաս), բռնաբարության (112 հոդված), ավազակության (88 հոդված), գողության (86 հոդված), կողոպուտի (87 հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում կատարված շորթման (94 հոդվածի երրորդ մաս), չարամիտ կամ առանձնապես չարամիտ խուլիգանության (222 հոդվածի երրորդ և չորրորդ մասեր), գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը ծանր հետևանքներ է առաջացրել (96 հոդվածի երկրորդ մաս), թմրանյութեր հափշտակելու (229.1 հոդված), հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար (232.1 հոդված), այլև այնպիսի դիտավորյալ գործողություններ կատարելու համար, որոնք կարող էին գնացքի խորտակում առաջացնել (81 հոդված):

Եթե դատարանը կգտնի, որ մինչև տասնութ տարեկան դառնալը հասարակական մեծ վտանգավորություն չներկայացնող հանցագործություն կատարած անձի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատիժ կիրառելու, ապա դատարանը նման անձի նկատմամբ կարող է կիրառել դաստիարակչական բնույթի այնպիսի հարկադրական միջոցներ, որոնք քրեական պատիժ չեն համարվում (սույն օրենսգրքի 58 հոդված):

Այս հոդվածի երրորդ մասում նշված հիմքերի առկայության դեպքում դատարանը, դատախազը և դատախազի համաձայնությամբ, քննիչը կարող են անչափահասին ազատել քրեական պատասխանատվությունից նրա վերաբերյալ նյութերն ուղարկելով անչափահասների գործերի հանձնաժողովին` անչափահասի նկատմամբ դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:

(10-րդ հոդ. խմբ. 25.02.65, 29.07.67, 29.01.75, 28.04.77, 29.12.82, 11.05.92, 14.05.02 ՀՕ-344-Ն օրենքներ)

i

Հոդված 11. Անմեղսունակություն

Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը հանրորեն վտանգավոր արարքը կատարելու պահին գտնվելիս է եղել անմեղսունակության վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել սույն օրենսգրքի 53-56 հոդվածներով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցները:

Պատժի ենթակա չէ նաև այն անձը, որը հանցագործությունը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ` դատարանի նշանակմամբ, կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթակա լինել պատժի:

i

Հոդված 12. Պատասխանատվությունը հարբած վիճակում կատարած հանցագործության համար

Հարբած վիճակում հանցագործություն կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:

Դատարանը, պատիժ նշանակելու հետ միաժամանակ, սույն օրենսգրքի 57 հոդվածին համապատասխան, կարող է որոշում կայացնել խրոնիկական ալկոհոլիկ կամ թմրադեղամոլ ճանաչված անձին հարկադրաբար բուժելու մասին:

i

Հոդված 13. Անհրաժեշտ պաշտպանություն

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` Հայաստանի Հանրապետության շահերը, հանրային շահերը, պաշտպանվողի կամ մի այլ անձի անձնավորությունը կամ իրավունքները հանրորեն վտանգավոր ոտնձգությունից ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, ընդ որում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում է համարվում պաշտպանության ակնհայտ անհամապատասխանությունը ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:

(13-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

i

Հոդված 14. Ծայրահեղ անհրաժեշտություն

Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը թեև համընկնում է քրեական օրենքով նախատեսված արարքի հատկանիշներին, սակայն կատարվել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնալիս է եղել Հայաստանի Հանրապետության շահերին, հանրային շահերին, տվյալ անձի կամ այլ քաղաքացիների անձնավորությանը կամ իրավունքներին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

(14-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

Հոդված 15. Պատասխանատվությունը հանցագործություն նախապատրաստելու համար և հանցափորձ կատարելու համար

Հանցագործության նախապատրաստություն է համարվում հանցագործություն կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, կամ դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը:

Հանցափորձ է համարվում այն դիտավորյալ գործողությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցագործություն կատարելուն, ընդ որում` եթե հանցագործությունը մինչև վերջը չի հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով:

Հանցագործության նախապատրաստության համար և հանցափորձ կատարելու համար պատիժ է նշանակվում տվյալ հանցագործության վերաբերյալ պատասխանատվություն նախատեսող օրենքով: Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանն ու այն պատճառները, որոնց հետևանքով հանցագործությունը մինչև վերջ չի հասցվել:

Հոդված 16. Հանցագործություն կատարելուց կամովին հրաժարվելը

Այն անձը, որը կամովին հրաժարվել է հանցագործությունը մինչև վերջ հասցնելուց, քրեական պատասխանատվության ենթակա է միայն այն դեպքում, եթե նրա փաստորեն կատարած արարքը այլ հանցակազմ է պարունակում:

Հոդված 17. Հանցակցություն

Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը:

Կատարողների հետ միասին հանցագործության մասնակիցներ են համարվում նաև կազմակերպիչները, դրդիչները և օժանդակողները:

Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցագործությունը:

Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել է հանցագործության կատարումը կամ ղեկավարել է դրա կատարումը:

Դրդիչ համարվում է հանցագործություն կատարելուն հակող անձը:

Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործության կատարմանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, միջոցներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության կատարման գործիքներն ու միջոցները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները:

Դատարանը պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնի հանցագործության կատարման մասնակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը:

Հոդված 18. Պարտակում

Հանցագործի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացած պարտակումը պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

Հոդված 19. Հանցագործության մասին չհայտնելը

Հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության մասին չհայտնելը քրեական պատասխանատվություն է առաջացնում միայն սույն օրենսգրքի հատուկ մասում հատկապես նախատեսված դեպքերում:

ԳԼՈՒԽ III.
ՊԱՏԺԻ ՄԱՍԻՆ

i

Հոդված 20. Պատժի նպատակները

Պատիժը ոչ միայն մեղքի քավումն է կատարված հանցագործության համար, այլև նպատակ ունի դատապարտվածներին ուղղել և վերադաստիարակել աշխատանքին ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու, համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաև կանխել նոր հանցագործությունների կատարումն ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից:

Պատիժը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել մարդկային արժանապատվությունը:

(20-րդ հոդ. խմբ. 19.05.94 ՀՕ-102 օրենք)

i

Հոդված 21. Պատժի տեսակները

Հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ հիմնական պատիժները`

1) ազատազրկում.

2) աքսոր.

3) արտաքսում.

4) ուղղիչ աշխատանքներ առանց ազատազրկման.

5) որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում.

6) տուգանք.

7) պաշտոնանկություն.

8) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը.

9) հասարակական պարսավանք:

Ժամկետային ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով:

Թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ զբաղվող անձանց կամ այլ պորտաբույծ կյանք վարող, ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց չարամտորեն խուսափող, ինչպես նաև անձնագրային սիստեմի կանոնները խախտող անձանց նկատմամբ կարող է նաև կիրառվել պատիժ` դաստիարակչական-աշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու ձևով:

Բացի հիմնական պատիժներից, դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ լրացուցիչ պատիժները`

գույքի բռնագրավում.

զինվորական կամ հատուկ կոչումից զրկում.

ծնողական իրավունքներից զրկում:

Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը, պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը կարող են կիրառվել որպես հիմնական և լրացուցիչ պատիժներ:

(21-րդ հոդ. խմբ. 29.12.82, 25.12.87 օրենքներ)

i

Հոդված 22. Բացառիկ պատժամիջոց` մահապատիժ

Որպես բացառիկ պատժամիջոց` մինչև նրա լիակատար վերացումը, թույլատրվում է մահապատժի (գնդակահարության) կիրառում` «Պետական հանցագործությունների համար քրեական պատասխանատվության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում` պետական հանցագործությունների համար, դիտավորյալ սպանության համար պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենքներում ու սույն օրենսգրքի հոդվածներում նշված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության համար, իսկ ՀՀ օրենսդրությամբ հատկապես նախատեսված առանձին դեպքերում` նաև մի քանի այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Մահապատժի չեն կարող դատապարտվել մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձինք և հանցագործություն կատարելու ժամանակ կամ դատավճիռն արձակվելու պահին հղի վիճակում գտնվող կանայք: Մահապատիժ չի կարող կիրառվել դատավճռի կատարման պահին հղի վիճակում գտնվող կնոջ նկատմամբ:

(22-րդ հոդ. խմբ. 14.04.62, 19.05.94 ՀՕ-102 օրենքներ)

i

Հոդված 23. Ազատազրկում

Ազատազրկում սահմանվում է երեք ամսից մինչև տասը տարի ժամանակով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար, առանձնապես ծանր հետևանքներ առաջացրած հանցագործությունների համար և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ` ՀՀ օրենսդրությամբ և սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ տարուց ոչ ավելի ժամանակով: Մահապատիժը ներման կարգով ազատազրկմամբ փոխարինելու դեպքում այն կարող է նշանակվել նաև ավելի քան տասնհինգ տարի, բայց քսան տարուց ոչ ավելի ժամանակով:

Մինչև հանցագործություն կատարելը տասնութ տարեկան չդարձած անձի նկատմամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամանակը չի կարող տասը տարուց ավելի լինել:

Դատարանի դատավճռով ազատազրկման ձևով պատժի կրումը նշանակվում է`

ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում, ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի գաղութներում կամ բանտում, ինչպես նաև ընդհանուր և ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում:

Ուղղիչ աշխատանքային գաղութներում պատժի կրումը տղամարդկանց նկատմամբ նշանակվում է`

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների, այսինքն` առանց ծանրացուցիչ հանգամանքների խարդախության միջոցով կատարված գույքի հափշտակման (89 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով կատարված գույքի հափշտակման (90 հոդվածի առաջին մաս), խաբեության կամ վստահությունն ի չարը գործադրելու միջոցով գույքին վնաս պատճառելու (93 հոդված), գույքի շորթման (94 հոդվածի առաջին մաս), առևտրային գաղտնիք հրապարակելու (97.2 հոդված), ապօրինաբար աբորտ կատարելու (120 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելու (124 հոդված), վտանգի մեջ թողնելու (128 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զրպարտության (131 հոդված), վատորակ շինարարության (153 հոդված), գնորդներին և պատվիրատուներին խաբելու (157 հոդվածի երկրորդ մաս), բնակչության սպասարկման հետ կապված աշխատանքներ կատարելու համար քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու (157.1 հոդվածի երկրորդ մաս), բենզինի կամ վառելիքաքսուքային այլ նյութերի ապօրինի բացթողման (157.3 հոդվածի երկրորդ մաս), փոստային վճարանիշեր և ուղետոմսեր կեղծելու (161 հոդված), բնակելի տարածությունն ապօրինաբար մեկ ուրիշին զիջելու (163 հոդված), անասնաբուժական կանոնները խախտելու (165 հոդված), բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ տարվող պայքարի կանոնները խախտելու (166 հոդված), ապօրինաբար ձկան և ջրային այլ որսով զբաղվելու (167 հոդված), ապօրինի որսի (168 հոդված), ջրօգտագործման կանոնները խախտելու (170 հոդված), ապօրինի անտառահատման (171 հոդված), ընդերքը շահագործելու և ոսկին պետությանը հանձնելու կանոնները խախտելու (172 հոդվածի երկրորդ մաս), հարբած վիճակում տրանսպորտի միջոցներ վարելու (176.2 հոդված), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանությունը կամ պաշտոնեական դիրքն ի չարը գործադրելու (182 հոդվածի առաջին մաս), առանց ծանրացուցիչ հանգամանքների իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու (183 հոդվածի առաջին մաս), պաշտոնեական կեղծիքի (187 հոդված), հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ հրապարակելու (189 հոդված), միջամտություն դատական գործերի լուծմանը (191.1 հոդվածի երկրորդ մաս), դատավորին կամ ժողովրդական ատենակալին սպառնալու (191.2 հոդված), փաստաբանի կողմից իր պարտականությունները չարաշահելու (194 հոդված), ակնհայտ սուտ մատնության (195 հոդված), ակնհայտ սուտ ցուցմունք տալու (196 հոդված), անձնական երաշխավորի կողմից ստանձնած պարտականությունները չկատարելու (200 հոդված), հանցագործությունների մասին չհայտնելու (206 հոդված), քաղաքացիներից ոչ գույքային բնույթի փաստաթղթեր հափշտակելու (212 հոդված), անչափահասներին հարբած վիճակի հասցնելու (231.1 հոդված) համար հինգ տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկման դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

առաջին անգամ ոչ ծանր համարվող դիտավորյալ հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին, բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկվածների` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ ծանր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (5968 հոդվածներ) համար դատապարտվողներին կամ նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրածներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին` հատուկ ռեժիմի գաղութներում.

Ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ ուղղիչ-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչվածներին, ինչպես նաև առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների (59-68 հոդվածներ) համար դատապարտվողներին` խիստ ռեժիմի գաղութներում.

առաջին անգամ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար ազատազրկման դատապարտվողներին` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում թվարկված դիտավորյալ հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվողներին` դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում.

ազատազրկման դատապարտվող մյուս կանանց` ընդհանուր ռեժիմի գաղութներում:

Դաստիարակչական-աշխատանքային գաղութներում պատժի կրումը նշանակվում է`

առաջին անգամ ազատազրկման դատապարտվող արական սեռի անչափահասներին, ինչպես նաև իգական սեռի անչափահասներին` ընդհանուր ռեժիմի գաղութներում.

նախկինում ազատազրկման ձևով պատիժը կրած արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութներում:

Ելնելով կատարված հանցագործության բնույթից և հանրության համար դրա վտանգավորության աստիճանից, հանցավորի անձնավորությունից և գործի այլ հանգամանքներից, դատարանը, նշելով ընդունված որոշման շարժառիթները, կարող է ազատազրկման կրումը նշանակել` առաջին անգամ անզգուշությամբ կատարված հանցագործությունների, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվածների նկատմամբ` ընդհանուր ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութներում. մյուս ազատազրկման դատապարտվածներին, բայց հատկապես վտանգավոր ռեցիդիվիստներ չճանաչվածներին` ցանկացած տեսակի ուղղիչ-աշխատանքային գաղութներում, բացի հատուկ ռեժիմի գաղութներից և գաղութ-բնակավայրերից. դատապարտված արական սեռի անչափահասներին` ուժեղացված ռեժիմի գաղութների փոխարեն ընդհանուր ռեժիմի դաստիարակչական-աշխատանքային գաղութներում:

Պատժի ամբողջ ժամանակի կամ նրա մի մասի ընթացքում բանտարկության ձևով ազատազրկում կարող է նշանակվել`

առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին.

տասնութ տարեկան դառնալուց հետո առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ (59-68 հոդվածներ) կատարած անձանց.

տասնութ տարեկան դառնալուց հետո սույն օրենսգրքի 71 հոդվածով նախատեսված այլ ծանր հանցագործություններ կատարած և դրանց համար հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված անձանց:

Դատարանը դատապարտյալի նկատմամբ նշանակված ուղղիչ-աշխատանքային հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով:

(23-րդ հոդ. խմբ. 28.04.77, 28.08.85, 24.27.86, 10.05.90, 01.07.91, 11.05.92, 19.05.94 ՀՕ-102, 28.04.98 ՀՕ-212 օրենքներ)

Добавить комментарий