Փոդքասթ — Հանրության ուժը Կայսրության դարաշրջանում. Արունդհատի Ռոյ

Հատված Ամերիկյան սոցիոլոգների ասոցիացիայի 99-րդ տարեկան հանդիպման ժամանակ հնչած հանրային ելույթից, Սան Ֆրանցիսկո, 2004թ. օգոստոսի 16
Ելույթը տեղ է գտել 2016թ. տպագրված Արունդհատի Ռոյի՝ «The End of Imagination» գրքում՝

 

Ժամանակակից ժողովրդավարության ճգնաժամը խորքային է: Ազատ ընտրությունները, ազատ մամուլն ու անկախ դատական համակարգն այնքան էլ իմաստ չունեն, երբ ազատ շուկան դրանք ստորացնելով՝ հասցրել է ապրանքի մակարդակի, որը կարելի է վաճառել ամենաբարձր գինն առաջարկողին:

Համաշխարհային ասպարեզում, ինքնիշխան պետությունների իրավասություններից վեր՝ առևտրային ու ֆինանսական միջազգային գործիքների միջոցով վերահսկվում է բազմակողմ համաձայնագրերի և օրենքների մի բարդ համակարգ. դրա միջոցով արվող յուրացումների համեմատ գաղութատիրությունը ոչինչ է: Այս համակարգը թույլատրում է հսկայական ծավալներով սպեկուլյատիվ կապիտալի՝ տաք-տաք փողերի անկաշկանդ ելումուտը երրորդ աշխարհի երկրներ, որի միջոցով էլ, այնուհետև, տնտեսական քաղաքականություն է թելադրում վերջիններին: Կապիտալի արտահոսքի սպառնալիքը որպես լծակ օգտագործելով՝ միջազգային կապիտալն ավելի ու ավելի խորն է թափանցում այս տնտեսությունների մեջ: Հսկա անդրազգային կորպորացիաներն իրենց հսկողության տակ են առնում այս երկրների հիմնական ենթակառուցվածներն ու բնական ռեսուրսները, նրանց օգտակար հանածոները, նրանց ջուրը, էլեկտրականությունը: Ըստ էության՝ Առևտրի միջազգային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ու մյուս ֆինանսական ինստիտուտները, ինչպես օրինակ Ասիական զարգացման բանկը, գրում են տնտեսական քաղաքականությունն ու օրենքները: Ամբարտավանության ու անգթության մահացու համադրությամբ՝ նրանք իրենց կռանով զարկում են փխրուն, փոխադարձաբար միմյանցից կախված, պատմականորեն բարդ հասարակություններին և կործանում են դրանք:

Այս բարեփոխումների արդյունքում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում հազարավոր փոքր ձեռնարկություններ են փակվել, միլիոնավոր աշխատավորներ ու գյուղացիներ կորցրել են իրենց աշխատանքն ու հողը:

Այս գործընթացը քննադատող յուրաքանչյուր ոք ծաղրվում է որպես «հակա-»՝ հակա-բարեփոխում, հակա-առաջընթաց, հակա-զարգացում: Լուդիտի[1]պես մի բան:

Լոնդոնի Spectator թերթը մեզ վստահեցնում է, որ «մենք ապրում ենք մարդկության պատմության ամենաերջանիկ, ամենաառողջ և ամենախաղաղ ժամանակաշրջանում»:

Ազատ շուկայի վերահսկողության ներքո հայտնվելով՝ երրորդ աշխարհի երկրների տնտեսությունները խճճվում են տնտեսական անարդարության մի բարդ, ջանադրաբար տրամաչափված համակարգում: Օրինակ, Արևմուտքի երկրները, որոնք ընդհանուր առմամբ օրական ավելի քան մեկ միլիարդ դոլար են ծախսում գյուղատնտեսությունը սուբսիդավորելու համար, պահանջում են, որպեսզի աղքատ երկրները դադարեցնեն գյուղատնտեսության ոլորտին հատկացվող բոլոր սուբսիդիաները, այդ թվում նաև էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը: Հետո նրանք աղքատ երկրների շուկաները ողողում են իրենց իսկ սուբսիդավորած գյուղատնտեսական ապրանքներով և այլ արտադրանքով, որոնց հետ մրցակցելու ոչ մի հնարավորություն տեղացի արտադրողները չունեն:

Այս նույն ուժերը գաղութային ռեժիմների կողմից թալանված երկրներին ընկղմում են պարտքերի մեջ, և վերջիններս ստիպված են լինում նրանց տարեկան մոտ 382 միլիարդ դոլար վճարել: Ուստի հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում. ոչ պատահաբար, այլ ծրագրված: Միտումնավոր կերպով:

2002-ի հունվարին Բրազիլիայի նախագահ Լուլան Համաշխարհային սոցիալական ֆորումի հերոսն էր: Հիմա նա զբաղված է Արժույթի միջազգային հիմնադրամի ուղեցույցերն իրականացնելով, կենսաթոշակներն իջեցնելով և Աշխատավորների կուսակցությունն արմատականներից մաքրելով: Լուլան Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի արժանի հետնորդն է. վերջինս գործադրեց մասնավորեցման և կառուցվածքային կարգավորումների զարգվածային մի ծրագիր, որի արդյունքում հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից ու տնից, մնացին առանց ջրի և էլեկտրականության: Երբ 2000 թվականի օգոստոսին մահացավ Հարի Օփենհայմերը, Մանդելան նրան անվանեց «մեր ժամանակների ամենամեծ հարավաֆրիկացիներից մեկը»: Օփենհայմերը Հարավաֆրիկյան հանրապետությունում գործող անգլոամերիկյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մեկի ղեկավարն էր, ով հարստացել էր ապարտեիդի բռնի ռեժիմի կողմից հասանելի դարձված Սև աշխատուժն էժան շահագործելով:

Արմատական փոփոխությունը չի կարող բանակցվել և չի բանակցվելու կառավարությունների կողմից. այն միայնումիայն կարող է հաստատվել ժողովրդի կողմից: Հանրության կողմից: Այն հանրության, ով կարողանում է ձեռք ձեռքի տալ՝ հատելով պետական սահմանները:

Եվ ուրեմն, երբ խոսում ենք հանրության մասին Կայսրության դարաշրջանում[2], հուսով եմ, հանդգնություն չի լինի ընդունելը, որ լուրջ քննարկման արժանի միակ բանը այլախոհ հանրությունն է: Հանրություն, որը չի համաձայնվում ինքնին Կայսրության գաղափարի հետ: Հանրություն, որն իրեն դիրքավորում է իշխող ուժի՝ միջազգային, պետական, տարածաշրջանային կամ մարզային կառավարությունների ու հաստատությունների դեմ, որոնք աջակցում են Կայսրությանն ու ծառայում են դրան:

Լուդիտներ (Luddites). գրականության մեջ այսպես են անվանում Մեծ Բրիտանիայում մեքենայացված արտադրության դեմ պայքարող բանվորների առաջին տարերային ելույթների մասնակիցներին (19-րդ դար)։ Լուդիտներ անունը, հավանաբար, ծագել է առասպելական ենթավարպետ Նեդ Լուդի անունից, որն առաջինն է ջարդել իր դազգահը: (ծանոթագրությունը՝ թարգմանչի կողմից)։ Այս ելույթի մեկ այլ հատվածում Ռոյը բացատրում է. «Մի անգամ Ջորջ Բուշ ավագն ասաց. «Ես երբևէ ներողություն չեմ խնդրի Միացյալ Նահանգների անունից: Ինձ միևնույնն է, թե փաստերն ինչ են ասում»: Երբ կարիք չկա, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը հաշվի առնի փաստերը, կարող ենք վստահաբար ասել, որ մտել ենք Կայսրության դարաշրջան:

Добавить комментарий