Կենսացենոզ

Կենսացենոզ (հուն․՝ βίος — «կյանք» և κοινός — «ընդհանուր»), Ցենոզի հոմանիշն է՝ բույսերի, կենդանիների, միկրոօրգանիզմների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է, որոնք բնակվում են ցամաքի մասում կամ ջրամբարում (կենսատոպ) և բնութագրվում են որոշակի փոխհարաբերությամբ ինչպես իրար մեջ, այնպես էլ շրջակա միջավայրի աբիոտիկ բաղադրիչների հետ։ Առաջին անգամ կենսացենոզ տերմինն առաջարկել է գերմանացի ջրակենսաբան Կ. Մյոբիուսը՝ 1877 թվականին: Ըստ սահմանման՝ կենսացենոզը ըստ կազմության, տեսակների և առանձնյակների թվի՝ միջավայրի աբիոտիկ գործոնների միջին մակարդակին համապատասխանող կենդանի օրգանիզմների ամբողջությունն է, որում օրգանիզմները սերտորոն փոխկապակցված են և անընդհատ բազմացման շնորհիվ պահպանում են իրենց գոյությունը։ Բնության մեջ կենսացենոզները լինում են տարբեր մասշտաբների։ Կենսացենոզ է համարվում ծառի վրա ապրող մամուռների խումբը, քայքայվող կոճղը, մարգագետինը, լճակը, ճահիճը, անտառը և այլն։ Ջրի, սննդի, թթվածնի մուտքը կենդանի օրգանիզմներ ապահովում է շրջակա միջավայրից նյութերի և էներգիայի հոսք։ Ֆոտոսինթեզի շնորհիվ միայն կանաչ բույսերն ու որոշ բակտերիաներն են ընդունակ ուղղակիորեն յուրացնելու արեգակնային ճառագայթման էներգիան, այն կուտակելու օրգանական միացությունների քիմիական կապերում, որը հետագայում սննդային շղթաներով բաշխվում է կենսացենոզներում։ Ակվարիումը, ջերմոցը պատկանում են արհեստական կենսացենոզների թվին։

Կենսացենոզը կյանքի կազմավորման ավելի բարձր մակարդակ է, քան նրա կառուցվածքային մաս հանդիսացող պոպուլյացիան։ Կենդանի օրգանիզմների բնական միավորումներն ունեն իրենց սեփական կազմավորման օրենքները, գործունեությունը և զարգացումը։ Կենսացենոզի տեսակային կազմը նրա կազմության մեջ մտնող տեսակների ամբողջությունն է։ Կախված միջավայրի գործոններից՝ կենսացենոզը բնութագրվում է տեսակային բազմազանությամբ և տեսակների թվային հարաբերությամբ։ Գլխավոր սահմանափակող գործոններն են համարվում ջերմաստիճանը, խոնավությունը լույսը եւ այլն։ բարձրլեռնային էկոհամակարգերի կենսացենոզները բնութագրվում են աղքատ տեսակային կազմով և կազմված են բույսերի և կենդանիների տասնյակ և հարյուրավոր, իսկ արևադարձային անտառների, կորալյան խութերի (բուսախութերի), գետերի, հովիտների կենսացենոզները բնութագրվում են հարուստ տեսակային կազմով և ընդգրկում են հազարավոր տեսակներ։

Добавить комментарий