Արյան շրջանառության խանգարումներ

Արյան նորմալ շրջանառությունը մեր օրգանիզմի կենսական նշանակությամբ ֆունկցիան է, ինչ արդյունքում իրականացվում է բոլոր օրգան-համակարգերի ապահովումը թթվածնով, ինչն էլ նորմալ գործունեության երաշխիքն է: Արյան նորմալ շրջանառությունը պայմանավորող մի շարք գործոններ կան: Իսկ այս հույժ կարևոր գործընթացի խաթարումը հղի է լրջագույն հետևանքներով: Հարցազրույց նյարդաբան Հռիփսիմե Պոդոսյանի հետ:

-Բժշկուհի, ինչո՞վ է պայմանավորված արյան շրջանառության խանգարումը, և ընդհանուր առմամբ ինչ հետևանքներ ունի այն մարդու առողջության վրա:

– Արյան շրջանառության խանգարումներ հիմնականում լինում են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում: Այս մարդիկ պետք է  մշտապես դեղորայք ընդունեն, սակայն որպես կանոն հրաժարվում են դրանք պարբերաբար և սահմանված կարգով ընդունել: Իհարկե շատ են դեպքերը, երբ արյան շրջանառության խանգարումներ արձանագրվում են այն հիվանդությունների պարագայում, որոնք ախտահարում են անոթները:

-Որո՞նք են արյան շրջանառության խանգարումների ռիսկի գործոնները:

– Շաքարային դիաբետը և այն բոլոր հիվանդությունները, որոնք ախտահարում են արյունատար անոթները հիմնական ռիսկի գործոնն են:  Ռիսկի խմբում են հիմնականում տղամարդիկ 50-60 տարեկանից հետո,  հատկապես, եթե նրանք ծխում են և չարաշահում  ալկոհոլը: Սեռը, տարիքը,  ժառանգականությունը արյան շրջանառության խնդիրների հիմնական պատճառն են: Սրանք այն գործոններն են, որոնք մարդը կրում է  իր հետ և գոյություն ունեն՝ անկախ մեր կամքից: Մեծագույն գործոն է մարդու հոգեհուզական վիճակը, հատկապես սթրեսը: Իսկ մյուսները՝ վնասակար սովորությունները, կենսակերպի  սխալները ձեռքբերովի ու արհեստական գործոններ են, որոնք կարելի է ցանկության դեպքում կորեկցել:

՞րն  է այս ամենի իրական վտանգը:

– Բարձր զարկերակային ճնշումը անհրաժեշտ է մշտապես պահել հսկողության ներքո՝ ժամանակին ընդունել դեղորայքը:  Շատերը, սակայն, կարծում են, որ եթե հնարավոր է լինում բարձր ճնշումը կարգավորել, և պարբերաբար չընդունել դեղորայքը, իրենց ոչինչ չի սպառնում, հարկ չկա շարունակել դեղերի ընդուումը: Բայց ոչ. Ճնշման տատանումների պարագայում ամբողջ աշխարհում չկա ուրիշ տարբերակ, քան ամեն օր դեղորայք ընդունելը: Կարևոր է իմանալ, որ բժիշկը դեղորայքը նշանակում է յուրաքանչյուր պացիենտի համար առանձնահատուկ և անհատապես՝ մի շարք պայմաններ հաշվի առնելով: Եվ  եթե ամեն օր դրանք չօգտագործվեն, կարող է լուրջ նյարդաբանական դեֆիցիտ առաջանալ: Առաջին նշանները, որով կարող է հիվանդը զգալ ինչ-որ լուրջ առողջական խնդիրներ, բոլորին հայտնի ձեռքի կամ ոտքի թուլությունն է, տեսողության խանգարումը: Դա  առաջին նախանշանն է, որը հայտնում է սուր խանգարման մասին,  կարող է որպես տրանզիտոր, սուր իշեմիկ գրոհ ձևակերպվել: Եթե քսանչորս ժամվա ընթացքում այդ դեֆիցիտը ինքնաբերաբար կամ դեղորայքային ազդեցությամբ պայմանավորված  հետ է զարգանում, դա լավագույն  պատկերն է:  Սակայն, մարդիկ մտածում են, որ այդպես էլ պետք է լինի և շարունակում են նախկին կենսակերպը վարել: Բայց  դա ընդամենը ազդանշան է, և շատ մոտ ապագայում կարող է գրոհը վերսկսվել և այս անգամ արդեն դեֆիցիտը հետ չի զարգանա: Ավելին՝ կխորանա՝ դառնալով կյանքի որակի համար նշանակալի սպառնալիք:  Եթե առավել պատկերավոր, թեկուզ կոպիտ ասենք, վիճակը մահացու չէ, բայց մարդը կդառնա հաշմանդամ և մշտապես ունենա կողմնակի օգնության կարիք: Առաջանում է պարեզ, վերջույթի ֆունկցիայի խանգարում, խոսքի ֆունկցիայի խանգարում: Բնական է, որ այսպիսով մարդը կդադարի լիարժեք կերպով զբաղվել իր մասնագիտությամբ, գործով, այն կենսակերպով, ինչին ինքը սովոր է:

-Հնարավո՞ր է թուլացած ձեռքի կամ ոտքի, խոսքի խանգարման և այլ պատկերները լիարժեք վերականգնել:

-Իհարկե  որոշակի դեֆիցիտ միևնույն է մնում է,  եթե դա չի  կորեկցվում առաջիկա քսանչորս ժամվա ընթացքում: Դրա համար շատ կարևոր է, որ պացիենտն անմիջապես արձագանքի, դիմի բժշկի: Այնուհետև կյանքի որակի վերականգնման՝ ռեաբիլիտացիայի փուլն է՝ աշխատանք լոգոպեդի, կինեզիոթերապևտի հետ,  որպեսզի առավելագույնս  վերականգնենք վնասված երևույթները: Վերականգնման հնարավորությունը խիստ անհատական է, և  կապ ունի  մարդու օրգանիզմի վիճակի հետ, հիվանդության պատմության դրվագները, հիվանդի կենսակերպը ևս կարևոր գործոններ են:  Վերականգնումը շատ ինդիվիդուալ է, մեկի մոտ կարող է լիարժեք վերականգնվել, իսկ մյուսի մոտ՝ մնան մնացորդային երևույթներ՝ մարդն ամբողջ կյանքում մնա սայլակով կամ ձեռնափայտով:

Բնականաբար երիտասարդ տարիքում ավելի հեշտ է վերականգվում, քան ասենք տարեցների պարագայում:

-Իհարկե, ինչքան օրգանիզմը ամուր և  առողջ է, բոլոր առումներով ռեգեներացիան ավելի արագ է կատարվում:

Արդյոք արյան շրջանառության խանգարումները  օրգանիզմում այլ հիվանդությունների զարգացման և ի հայտ գալու ռիսկ են պարունակում:

– Այո, որոշ չափով մարդ դառնում է ավելի խոցելի: Մենք սնվում ենք ինչպես պատահի որտեղ ու երբ պատահի, վարում ենք ոչ առողջ կենսակերպ: Մեր հիվանդների  մեծ մասը հիմնականում ունեում են հիվանդությունների մի ամբողջ փունջ՝ շաքարային դիաբետ, բարձր խոլեսթերին, զարկերակային բարձր ճնշում: Բնականաբար, եթե օրգանիզմի  մի օղակի ֆունկցիան թերի է կամ խախտված, ապա  անհար է, որ ամբողջ օրգանիզմը չարձագանքի, մյուս օղակներն էլ համապատասխանաբար ունենում են ախտահարումներ, առաջացնում խնդիրներ: Եթե մի հատվածում սնուցումը վատ է, մյուս անոթներն էլ են դրանից տուժում, սա ոչ թե մի անոթի կամ ավազանի, այլ ամբողջ համակարգի խնդիրն է:

Այսօր թվում է, թե դասական բժշկությունը և ժամանակակից դեղագիտությունը ի զորու են լուծել շատ ու շատ լուրջ հիվանդություններ: Սակայն նկատվում է նաև ժողովրդական բժշկության նկատմամբ հետաքրքրության և ուշադրության ավելացում: Դուք որքանո՞վ եք կիրառում ոչ դասական բժշկության մոտեցումները:

– Մերը դեղորայքն է, ստանդարտներ, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում, բոլորի կողմից: Ինչ վերաբերվում են մյուս միջոցներին, որոնք կիրառվում են զուգահեռ, ապա դա միայն վնասակար սովորություններից հրաժարվելն է, որոնք ռիսկի գործոններն են: Իհարկե լինում են մարդիկ, ովքեր առողջ ապրելակերպ են վարում,՝ վազք, առողջ սնունդ և այլն, բայց միևույն է ունենում են արյան շրջանառության խանգարումներ: Պետք է նշել, որ անգամ այս դեպքում, երբ պատճառը ժառանգականություն  է, այս մարդիկ ավելի հեշտ են անցնում վեականգնման փուլը, նրանց մոտ սովորաբար ապաքինումից հետո խնդիրներ, մնացորդային վիճակներ չեն մնում, կյանքի որակը չի տուժում: Նրանք նաև նկատելիորեն առանձնանում են իրենց կամքի ուժով՝ հրաժարվելու վնասակար սովորություններից, լիարժեք առողջ կեսակերպի անցնելու ձգտումով:

Добавить комментарий