Առաջադրանք

 

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Կարելի է՝ արհեստական թևեր ինչ-որ բանից պատրաստել երեխաների համար ու փորձել խոզուկի ձևերը կրկնել։ Կարող ենք դաստիարակների ու երեխաների համար հերոսների նման հագուս կարել։ Բաժանվել խմբերի և հեքիաթը պատմել, հետո խմբերը կտեղափոխվեն որպեսզի իրենք էլ յուրացնեն հեքիաթի մյուս հատվածը։ Եթե ֆինանսական միջոց չկա հագուստը կարելու համար, կարող ենք թղթից պատրաստել։ Տալիս ենք բոլոր երեխաներին հեքիաթից մեկ նախադասություն, նրանք փորձում են նախադասությունը աղավաղել և ինչ-որ բան ստանալ։

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Լրացուցիչ կրթություն

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

Նախ երեխաներին ինչ որ բան սովորեցնելու համար պետք է նրանց ոգեվորենք կամ ասենք, որ նրանց ինչ-որ անակնկալ է սպասվում եթե հեքիաթը յուրացնեն ու պատմեն, կարելի է այս դեպքում ասել, որ յուրաքանչյուրին կտրվի պաղպաղակ։ Իսկ ամռանը լողի ժամից առաջ պետք է որևորենք, որ սովորեն, որ նոր գնան ու լողան վագրի պես իրենց լողավազաններում։ Հեքիաթը պատմում ենք, հետո երեխաները պատմում են նմանատիպ իրենց հորինած հեքիաթը։

Փոքրիկ վագրի մասին, որը շատ էր սիրում լոգանք ընդունել

 

Բերթ անունով մի փոքրիկ վագր կար։ Խոշոր֊խոշոր, ճերմակ֊ճերմակ եւ սուր֊սուր ատամներ ուներ։ Իսկ մռնչալիս խլացնում էր նույնիսկ որոտի ձայնը։

Բայց եւ այնպես նա շատ բարի ու լավ վագր էր։ Եվ այնքան ժամանակ էր բարի ու լավ, քանի դեռ մեկը չէր մտել լողարան՝ լոգանք ընդունելու։

Որովհետեւ ինքն էլ էր շատ սիրում լոգանք ընդունել եւ կարող էր թեկուզ ամբողջ օրը փակվել լողարանում, եթե միայն միստր եւ միսիս Սմիթներն ու նրանց փոքրիկ աղջիկը, որոնք վագրի հետ նույն տանն էին ապրում, չսկսեին զայրանալ ու կշտամբել։ Պատկերացնո՞ւմ եք, երբ էլ նրանք ուզենային լոգանք ընդունել, Բերթը միշտ մռնչում էր, բացելով իր ճերմակ֊ճերմակ ու խոշոր֊խոշոր ատամները։

— Բերթ, հապա դուրս ե՛կ լոգանքից եւ գնա ընթրելու,— մի անգամ ասաց միսիս Սմիթն ու նրան ցույց տվեց համեղ ոսկորներով խոշոր պնակը։

— Շնորհակալ եմ, ընթրել չեմ ուզում,— պատասխանեց Բերթն ու մռնչաց։

Միսիս Սմիթը քիչ մնաց լաց լիներ։

— Երեխային լողացնելու եմ, իսկ Բերթը չի ուզում դուրս գալ լողարանից,— բողոքեց նա։— Ի՞նչ անենք։

— Ես ճարը գիտեմ,— ասաց միստր Սմիթը։

Նա խանութ գնաց եւ քսան շիշ սեւ թանաք գնեց, իսկ երբ Բերթը շրջվեց, ամբողջ թանաքը լցրեց լոգարանի մեջ։ Ջուրը դարձավ սեփ֊սեւ․ Բերթն էլ սեփ֊սեւ դարձավ։

Մի քանի ժամ անց Բերթը մտածեց, որ ընթրելու ժամանակն է եւ դուրս եկավ լողարանից։

— Վա՜յ, հապա այս վիթխարի սեւ կատվին նայեք,— ասաց միստր Սմիթը։

— Իսկապես… Եվ ինչ էլ գեղեցիկ կատու է,— ասաց միսիս Սմիթը։

— Ո՞նց թե՝ կատու,— վրդովվեց Բերթը։— Ես ոչ թե կատու եմ, այլ՝ վագր։

— Վագրերը շերտավոր են լինում,— ասաց միստր Սմիթը։— Ոչ թե քո պես սեւ։

«Աստված իմ։ Գուցե իսկապես դարձել եմ կատու»,— մտածեց փոքրիկ վագրը։

— Բայց կատուները լողալ չեն սիրում,— շարունակեց միստր Սմիթը։— Ճի՞շտ է։

— Ճիշտ է,— համաձայնեց Բերթը։

Ընթրիքից հետո Բերթը այգի դուրս եկավ։ Այստեղ նրան հանդիպեց հարեւանի շունը, որի անունը Արքայազն էր եւ որը սիրում էր հալածել կատուներին։

— Ըհը՛… Կատու է, —ուրախացավ շունը։— Հիմա մենք նրան ցույց կտանք։

Ճիշտն ասած, նա այնքան էլ վստահ չէր իր վրա, որովհետեւ դեռ երբեք այդքան խոշոր կատու չէր տեսել։ Բայց վարժվել էր այն բանին, որ իր հաչոցը լսելուն պես կատուները գլխապատառ փախչեն, ուստի եւ առանց վախենալու նետվեց դեպի Բերթը, երախը բացեց ու սկսեց հաչել։

Բերթը անվրդով մռութը շրջեց դեպի շունն ու միայն մի անգամ մռնչաց, այսպես․ Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ։

Այդքան սարսափելի գազանի Արքայազնը դեռ առիթ չէր ունեցել հանդիպել։ Եվ նա մի կերպ իրեն նետեց ցանկապատից այն կողմ եւ պո՛ւկ, փախավ։

Քիչ անց այգի եկավ միստր Սմիթը, եւ Բերթը նրան հարցրեց․

— Ես իրո՞ք կատու եմ։ Կատու լինելու համար ես արդյո՞ք շատ մեծ չեմ։

— Դու կատու չես,— ասաց միստր Սմիթը։— Իհարկե կատու չես, այլ վագր։ Վագրերի այն յուրահատուկ ցեղից, որոնք լոգարանում նստում են կես ժամից ոչ ավելի։ Դա վագրերի լավագույն ցեղն է։

Բերթը իրեն շոյված զգաց։

— Յուրահատուկ ցեղից եմ,— համաձայնեց նա։— Լավագույն ցեղից։

Եվ նա հաճույքից լռլտաց, ու սկսեց լիզել ինքն իրեն․ այնքան լիզեց, որ սեւն անցավ, ու նա նորից դարձավ վագր՝ դեղնավուն եւ մուգ շերտերով վագր։

Հետո նա տուն գնաց եւ միսիս Սմիթին ասաց․

— Մտնել լոգանք ընդունելու։

Տաք ջրով նա մի լավ լողացավ։ Լոգարանում նստեց ուղիղ կես ժամ։ Միսիս Սմիթը նրան գովեց եւ լիքը դույլ պաղպաղակ տվեց։

Բերթը գլուխը մտցրեցց դույլի մեջ ու կերավ ամբողջ պաղպաղակը, ասելով․

— Հա՛մ֊հա՛մ֊հա՛մ… Ի՜նչ համեղ է։ Իսկը իմ սիրած պաղպաղակն է։

Добавить комментарий