Աչքի վնասվածք

 

Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը։ Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են բերել աչքի հյուսվածքների վնասման, վարակի ներթափանցման և տեսողության խանգարման:

Աչքի վնասվածքի նախանշանները ՝

1. Վնասված աչքի տեսողության վատացում կամ կորուստ

2. ցավ աչքում

3. առատ արցունքահոսություն

4. կոպերի ջղակծկում

5. աչքից արյան կամ այլ հեղուկների արտահոսք

Առաջին բուժօգնությունը աչքի վնասվածքի ժամանակ ՝

1. Նստեցրեք տուժածին հարմար դիրքով։ Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն։ Մի՛ սեղմեք ակնագնդին:

2. Եթե աչքի մեջ որևէ գրգռիչ նյութ է ընկել (օրինակ ՝ կենցաղային լվացող նյութեր), անմիջապես լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր ՝ այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը:

3. Եթե աչքի մեջ որևէ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով։ Առանց սեղմելու ամրացրեք այն։ Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը:

4. Մի՛ շարժեք աչքում եղած օտար մարմինը։ Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն առանց աչքի վրա ճնշում գործադրելու:

5. Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը։ Օրինակ ՝ դուք կարող եք անել դա ՝ օգտագործելով թղթե բաժակ։ Բաժակի հատակին անցք բացեք և բաժակը տեղադրեք աչքի վրա այնպես, որ աչքից դուրս ցցված առարկան լինի այդ անցքի մեջ: Վիրակապով ամրացրեք բաժակն այդ դիրքում: Աչքի մեջ ընկած փոքր օտար մարմինը կարող է գրգռել այն ՝ էական վնաս պատճառելով։ Աչքը անմիջապես սկսում է առատ արցունք արտադրել ՝ փորձելով հեռացնել օտար մարմինը։ Տուժածը դժվարանում է բացել աչքը, քանի որ լույսը լրացուցիչ գրգռիչ է։ Խորհուրդ տվեք տուժածին անընդհատ թարթել աչքը և փորձեք ջրի շիթով հեռացնել օտար մարմինը։ Եթե առարկան դուրս չի գալիս, ծածկեք աչքը ստերիլ անձեռոցիկով, ամրացրեք այն տեղում և շտապ տեղափոխեք տուժածին մասնագիտացված բուժհիմնարկ:

Добавить комментарий