Թումանյանի բանաստեղծությունները

 

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փըչի՛, հովիկ, փըչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

ԱՐՏՈՒՏԻԿ
Արտուտիկ,
Նախշուն տոտիկ,
Իջնեն կալեր
Գողտիկ-մղտիկ,
Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ:

ՓԻՍՈՆ

Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախավ Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին՝ ո՛չ։

Փիսոն գնաց գողեգող,
Փորը դատարկ, սիրտը դող,
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին։

ԿՌՈՒՆԿՆԵՐ

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

ԾԻՏԸ

Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։

Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

ԼՈՒՍԱԲԱՑԻՆ

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես

Պահում եմ ես։

 

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

Մոտիկ է գալիս
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ,

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ,

Գընաց տատի մոտ
Ինձ վրրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԵՐԵՔ ԽԵԼՈՔ

Երեք խելոք մի հին տաշտով,
Ավելն առան մըտան մեծ ծով։
Թե տաշտակը շատ դիմանար,
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝

Ծիտիկ Ճնճղուկյան

 

ՈՒԼՈՒՆՔ

Գարունը եկավ ամպերով,
Ամպերը եկան անձրևով.
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա.

Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,

Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,

Տանից քշի, դուրս անի։

 

ԳՈՒԹԱՆ
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լծեցին.
Հորովել, հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել, հո՜…

ՓՈՔՐԻԿ ԵՐԿՐԱԳՈՐԾ
Եկավ գարուն, եկան հավքեր,
Տաքցավ արև, գլգլան ջրեր,
Եկան վարի-ցանքի օրեր։
Կռունկն ամոլ արեցի,

Սագերն հորիք լըծեցի,
Ճնճղուկն հոտաղ վարձեցի,
Կաքավն հացվոր բռնեցի,
Արտ ունեի՝ վարեցի,
Ցորեն, գարի ցանեցի։

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տըխուր հանդերից

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

 

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

 

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

 

 

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի
Մի փոքրիկ բընում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

ԳԵՏԱԿԸ

— Ո՞ւր ես վազում
Այդպես արագ,
Ա՜յ դու կայտառ,
Սիրուն գետակ.

Կանգ առ, խաղանք
Էս ծառի տակ։

«Չէ՛, փոքրիկըս,
Գնամ պիտի.
Տե՛ս ջաղացը

Գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ,
Որ պըտըտի։

Ցածն էլ հովտում
Անուշահոտ

Ինձ են մնում
Ծաղիկ ու խոտ,
Հոգնած-ծարավ
Տավարն ու հոտ։

Սառն աղբյուրը

Բարձըր սարի
Դրանց համար
Է ինձ տալի
Իր զով ջուրը
Կըլկըլալի։

Իսկ կամուրջի
Տակն էլ որ գա,
Կա լվացքը
Պառավ կընկա,
Պետք է լվամ

Քանի լույս կա։

Դե՜, տեսնո՞ւմ ես,
Մնա՛ս բարով,
Ճամփաս ցանած
Հազար գործով.

Դադար չունեմ
Ես մինչև ծով»։

ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ

Մի՛ լինի ուրագի պես,
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր սղոցի պես,
Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։

 

ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

Քնած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական

Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկնքի դիմաց
Գրկված են քնած,

Վերևիցն, ասես,
Ժպտում է աստված։

 

Добавить комментарий