4P-ի տեսություն

 

 

 

4P-ի տեսություն մարքեթինգային տեսություն, որը հիմնված է մարքեթինգային պլանավորման չորս հիմնական հիմնասյուների վրա։

  • Product — ապրանք կամ ծառայություն
  • Price — գին
  • Promotion — առաջմղում
  • Place — բաշխման ուղիները (ապրանքի կամ ծառայության վաճառքի վայրը)։

Մարքեթինգի որպես առանձին հայեցակարգի և 4P-երի տեսության հեղինակը համարվում է Թեոդոր Լևիտը, ով 1960 թվականին ամերիկյան ամսագրերից մեկում հրապարակել է «Մարքեթինգային անհեռատեսություն» անվամբ հոդված։ Այնտեղ խոսվում էր «մարքեթինգային խելահեղության» սկսման մասին։ Լևիտը գրում էր, որ խոշոր արտադրական ձեռնարկությունները առավելագույնս կենտրոնացած են իրենց ապրանքի և շուկայի վրա՝ անտեսելով դրա սահմաններից դուրս կատարվող գործողությունները։

Ապրանք (Product)

Ապրանքը (արտադրանքը) մարքեթինգային միջոցներից, թերևս, ամենակարևորն է։ Ձեռնարկությունը պետք է հստակ պատկերացնի, թե շուկային ինչ ապրանք է անհրաժեշտ, ինչպիսի յուրահատկություններ պետք է այն ունենա, ինչպես կարելի է բարձրացնել ապրանքի օգտակարության մակարդակը սպառողի համար, ինչպես ընդգծել ապրանքի դրական կողմերը՝ մրցակից ապրանքների նկատմամբ և այլն։

Գին 

Գինը այն գինն է, որը սահմանվում է ձեռնարկության կողմից՝ իր բոլոր ծախսերը ծածկելու և շահույթ ստանալու համար։ Բայց այդ նշանակված գինը չի կարող էապես տարբերվել մրցակիցների համանման ապրանքների առկա գնից, հակառակ դեպքում՝ սպառողը այն չի գնի։ Նաև կարևոր է գնագոյացման ժամանակ հաշվի առնել պահանջարկի ծավալների մակարդակը։

Գնի կառավարումը կարևորագույն տեղ է զբաղեցնում մարքեթինգային համալիրում և այս ոլորտում մարքեթինգային որոշումների ընդունումը բավականին բարդ խնդիր է։ Կորպորատիվ մակարդակում գինը հանդիսանում է երկարատև շահութաբերության հիմնական գործոնը, ինչպես նաև վաճառքների հիմնական գործիքը, որը նպաստում է շահույթի մաքսիմալացմանը։

Առաջմղում (Promotion)

Առաջմղումը՝ մարքեթինգի կարևորագույն գործիքներից մեկն է, որը թույլ է տալիս ակտիվորեն ազդել սպառողների վրա։ Առաջմղումը հիմնականում կիրառում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են գովազդը, PR-ը (hանրային կապեր), անձնական շփումները, խրախուսումը, դրական իմիջի ստեղծումը և այլն։ Առաջմղումն ուղղված է պոտենցիալ սպառողներին ձեռնարկության կողմից առաջարկվող ապրանքից, վերջինիս գնից, վաճառքի պայմաններից և զեղչերից որոշակի օգուտների և առավելությունների ստացման հնարավորությունների մասին իրազեկմանը։

Բաշխման ուղիները (Place)

Բաշխման ուղիները կամ շուկան (վաճառքի վայրը) նույնպես կարևոր են, քանի որ ապրանքը հասցեագրված է կոնկրետ շուկային կամ դրա սեգմենտին և հաշվի է առնում դրա առանձնահատկությունները և սպառողների նախասիրությունները։ Ապրանքը պետք է սպառողի համար լինի մատչելի, ճիշտ տեղում և ճիշտ պահին։ Օգտագործելով մատակարարման տարբեր ուղիներ, ներքաշվում են միջնորդներ, ստեղծվում են ապրանքի և սպառողի արագ հանդիպման բոլոր պայմանները։ Բաշխման ուղին իրենից ներկայացնում է միջնորդային օղակների ներկայացուցիչների համախումբ, ովքեր ներգրավված են ապրանքի առաջմղման գործընթացի մեջ՝ այն վերջնական սպառողներին հասանելի դարձնելու նպատակով։ Որպես միջնորդային օղակ կարող են հանդես գալ հասարակ միջնորդները, մեծածախ և մանրածախ վաճառողները

 

Добавить комментарий